Երրորդ հանրապետության գոյության 27 տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չձևավորեցին պատասխանատու իշխանության և ինստիտուցիոնալ ընդդիմության հայեցակարգերը:
Քաղաքակիրթ աշխարհում բանակցությունները և երկխոսությունը քաղաքական խնդիրները լուծելու, ճգնաժամը հանգուցալուծելու միակ արդյունավետ գործիքներն են: Դա ճշմարտություն է հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում, որտեղ ԱԺ-ն` մի կողմից հասարակության քաղաքական տրամադրությունների տրանսլյատորն է, մյուս կողմից` իշխանության կենտրոնը, ողնաշարը:
Վերջին տաս օրերի դրամատիկ իրադարձությունները նոր իրողություններ բացահայտեցին, որոնց ադապտացված չէին ոչ իշխանությունը և ոչ էլ` ընդդիմությունը:
Նույնիսկ կարելի է պնդել, որ մեր հասարակությունը ավելի շուտ է ադապտացվել ինստիտուցիոնալ նոր իրողություններին` ձգտելով վերականգնել իր սուբյեկտությունը, քան` քաղաքական համակարգը, որը շարունակում է ապրել ավտորիտար մտածողության, անտագոնիզմի միջավայրում:
Սերժ Սարգսյանն առաջինն ի դերև արեց խորհրդարանական համակարգի պոտենցիալը` ինստիտուցիոնալ նոր միջավայրում փորձելով ամբողջովին պատճենահանել, վերարտադրել իր օլիգոպոլ համակարգն` ուղղահայաց կառավարմամբ:
Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ընդդիմությունը նույնպես` մեղմ ասած, գտնվում է ոչ համարժեք հայեցակարգի իներցիայի ռեժիմում` իր օրակարգը կառուցելով կոնկրետ անձի նկատմամբ ատելության հրահրման հիմքերով:
Անցած տաս օրերին ռացիոնալ միտքը, խոսքը, բանական կարծիքը, Սերժ Սարգսյանի նկատմամբ քծնանք կամ ատելություն չենթադրող քաղաքացիական կեցվածքը խցանված մնաց ոստիկանների կամ ցուցարարների ստեղծած պատնեշների, բարիկադների հետևանքով: Ոստիկանությունն ու ցուցարարները, կարծես, մրցման մեջ են, թե նրանցից, ով ավելի արդյունավետ շնչահեղձ կանի մայրաքաղաքը` խորհրդանշելով ազատ քաղաքացու, ազատ մտածողության օտարումը պետական կառավարումից, հրապարակից:
Եթե 1996-ը դաս եղած լիներ այսօրվա իշխանությունների և ընդդիմության համար, ապա առաջինը կձգտեր երկխոսային բազմաշերտ հարթակների ձևավորմանը, իսկ ցուցարարներն անիմաստ կհամարեին պետական տարածքների զավթումը: Եթե սերտված լիներ 2004-ի ապրիլի 12-ի դասը, իշխանության և ընդդիմության համար Բաղրամյան փողոցը կկորցներ իր գերբնական ուժը` որպես իշխանության, ֆիզիկական ուժի ֆետիշացման կենտրոն:
Դեռ առավոտյան հույս կար, թե օրը կարող է պատմական դառնալ, սակայն պետք չէ գերագնահատել Սերժ Սարգսյանին և Նիկոլ Փաշինյանին. նրանք անտագոնիստական նույն մտածողության կրողներն են, նույն մեդալի երկու կողմերը: Սարգսյանն ու Փաշինյանը չկարողացան վեր կանգնել համակարգային խոտոր մենթալիտետից, մտածողությունից:
Հասարակության ակտիվությունը, սուբյեկտությունը կապիտալացնելու, բարեփոխումների ազդակ և երկխոսության օրակարգ դարձնելու փոխարեն` տապալված հանդիպումից ժամեր անց ունենք ձերբակալված պատգամավորներ, ոստիկանական բեսպրեդել, ծեծված և հերթական հիասթափությունն ապրող հասարակություն:
Սերժ Սարգսյանը հայտնվել է մի իրավիճակում, որում էր Լևոն Տեր-Պետրոսյանը` 1996-ի աղմկոտ ընտրություններից հետո: Տեր-Պետրոսյանը չուզեց կամ չգտավ իշխանությանը, հասարակությանը կոնսոլիդսցնող նոր գաղափարներ` երկու տարվա ընթացքում տեղի տալով համակարգի ավելի ռեակցիոն սեգմենտների ճնշմանը:
Նույն իրավիճակում է նաև Սերժ Սարգսյանը. այսօրվանից նրա դեմ է աշխատում ժամանակը. Սերժ Սարգսյանը շախ հայտարարեց ընդդիմությանը` հայտնվելով ցայտոտի մեջ
Սակայն Սարգսյանը տեսականորեն կարող է օգտվել այն համատեքստից, որը ստեղծվել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո:
Գործող վարչապետը իր մեջ ուժ կգտնի՞ մնալ Հայաստանի եվրաինտեգրման հիմնական սուբյեկտը` արդեն բառի բովանդակային իմաստով, թե՞ կդառնա Շմայսների համակարգի կուռատորը, հետո` գուցե նաև պոտենցիալ զոհը:
Ժամանակը կտա այս հարցերի պատասխանը, սակայն Բրյուսելում դեռ շարունակում են հավատալ Հայաստանի ներուժին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հանդես են եկել շտապ հայտարարությամբ` Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը կոչ անելով գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով:
Այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքական համակարգն ինքնուրույն չի կարող գտնել շ ռացիոնալ լուծումներ և թերևս ԵՄ-ն կարող է իր ավանդն ունենալ ներհայաստսնյան երկխոսության կայացման գործընթացում, մանավանդ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեր երկրի խորհրդարանում վավերացվել է լիակատար կոնսենսուսի պայմաններում:
Լուսանկարը՝ Photolure-ի









































