«Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հայտարարած անդառնալի հետևանքները լինեն հնարավոր ուժի կիրառումն ու ձերբակալությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը։
Նրա խոսքերով՝ այս ամենից տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը ոչ թե թավշյա ինքնաբուխ հեղափոխություն է, այլ կազմակերպված քաղաքական մի ծրագիր, որի նպատակն է որոշակի ծավալներով երկրում կառավարելի քաոսի ստեղծումը, որին քաղաքական բովանդակություն չի տրվում, դրան ավելի մեծ ալիք չհաղորդելու համար։ «Այս պահին ասել, թե որ կողմից է կազմակերպվում այդ կառավարելի քաոսը, դժվար է ասելը, բայց կարող ենք փաստել, որ արևմտյան լրատվամիջոցները սկսել են շատ սահմանափակ լուսաբանել այս գործընթացը, կամ համարյա չլուսաբանել, որը նույնպես մեսիջ է։ Իսկ հիմա երկխոսություն է առաջարկվում, որպեսզի լուծվեն այս հարցերը։ Այնպիսի տպավորություն է, որ այս քաոսը ստեղծվել է, որպեսզի Սերժ Սարգսյանին ստիպեն գնալ ինչ-որ բանակցային գործընթացի, Սերժ Սարգսյանն էլ ընդունել է այդ առաջարկությունը»,- ասաց Բադալյանը։
Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ արձագանքել է Սերժ Սարգսյանի առաջարկին, նշելով, որ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իսկ այդպիսինների հետ չեն երկխոսում, դրանից բացի, ավելացրել է, որ Սերժ Սարգսյանի հետ կարող են քննարկել բացառապես իր հեռացման պայմանները, քաղաքագետն արձագանքեց. «Քաղաքական գործիչները շատ բան են հայտարարում, բավականին բարձր մակարդակ են վերցնում, իսկ հետո գնում են բանակցությունների։ Բնականաբար երկու կողմերն էլ սկզբում բարձր մակարդակ կվերցնեն, բայց կգնան բանակցությունների։ Չի բացառվում, որ երկխոսության արդյունքում ինչ-որ ընդհանուր հայտարարի գան Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու, նախագահի հեռանալու, կամ Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ։ Դա կախված է նրանից, թե շարժումն ինչ քաղաքական օրակարգ կներկայացնի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Դրան զուգահեռ, երբ արդեն ակնհայտ երևում է, որ դրսի ուղղորդում կա, Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ հասկացրեց շարժումը ուղղորդող ուժերին, որ պատրաստ է բանակցային գործընթացի։ Թե չէ միանշանակ ասել, թե մի կողմը հաղթել է և մյուս կողմը պարտվել է ու զիջումներ է ստիպում, հնարավոր չէ ասել»։
Մեր դիտարկմանը, թե դրսի ուժեր ասելով, ո՞ւմ նկատի ունի՝ Արևմուտքին, քաղաքագետը պատասխանեց. «Այս պահի դրությամբ դժվար է ասել՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան։
Ռուսաստան ասելով, պետք չի անպայման հասկանալ Կրեմլին։ Ռուսաստանում կան շատ այլ ուժեր, որոնք կարող են համաձայն չլինել նախկին նախագահի վարչապետ դառնալու փաստի հետ»։