Ուկրաինային կարող են առաջարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել 2014-ի գարնանը՝ Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Սեփական աղբյուրների տեղեկություններով՝ Վիլնյուսում համաձայնեցվում է Ուկրաինայի և ԵՄ-ի միջև հետագա հարաբերությունների վերաբերյալ ընդհանւր հայտարարության տեքստ:
Այդ փաստաթղթով նախատեսվում է համաձայնագիրը ստորագրել Ուկրաինա-ԵՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ, որը կանցկացվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:
Հաղորդվում է նաև, որ փաստաթուղթը պարունակում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական դիմակայությունների կարգավորման ընթացակարգեր: Հատկանշական է, որ տեքստում նախատեսված չէ այդ բանակցություններին ռուսական կողմի մասնակցությունը:
Հիշեցնենք, որ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ԵՄ նախարարների հետ հանդիպման ժամանակ հաստատել էր, որ Ուկրաինան զիջել է Ռուսաստանի ճնշմանը՝ հետաձգելով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը:










































