Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեռ չի հստակեցրել՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քննարկումներն ԱԺ-ում ինչ սխեմայով են լինելու՝ արտահերթ նիստի, թե հարցն ԱԺ հերթական քառօրյայում ընդգրկելու միջոցով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մինասյանը նշեց, որ մինչ այժմ ամենատարբեր սխեմաներ կային: «Հիմա քննարկման փուլում ենք, երբ ավարտենք՝ մինչև վաղը՝ օրվա երկրորդ կեսը, վերջնական պատկեր կունենանք»,- ասաց նա:
Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրը ազատամարտիկների նախաձեռնած երթ-հանրահավաքին մասնակցության հարցը Հայ հեղափոխական դաշնակցությունում դեռ չեն քննարկել: Մինասյանը չցանկացավ որևէ կերպ արձագանքել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքին, թե ՀՅԴ-ն նախկին կոմսոմոլիկների կազմակերպություն է, որ բարդույթ ունի ՄՄ անդամակցման հետ կապված դեմ կարծիք չարտահայտելու:
«Դե ամեն մառազմ մտքերի պատրաստ չեմ պատասխանել»,- ասաց նա: Վիլնյուսից սպասելիքներին անդրադառնալով՝դաշնակցական պատգամավորը դժվարացավ նշել՝ ինչ փաստաթուղթ կստորագրվի այնտեղ՝ նկատելով, որ մեր իշխանությունները, կարծես թե, պատրաստ են քայլեր անել, որոնք տրամաբանական հակասության մեջ էլ կարող են լինել:
«Եթե ստորագրվի, կստորագրվի մի փաստաթուղթ, որն ընդամենը բարի կամքի արտահայտություն կլինի (նորմալ է դա), որ Հայաստանն ընդունում է նաև եվրոպական մի շարք արժեքներ՝ ժողովրդավարական, անկախ դատական, և այլն, և այլն: Ինձ թվում է՝ այս պահին առավելագույնը ոչինչ էլ հնարավոր չէ ստորագրել, ինչպես որ հայտարարագիր կամ հռչակագիր ստորագրվեց ՄՄ շրջանակներում, նմանապես նաև այնտեղ կլինի»,- ասաց նա:









































