Հունաստանում երեք դատավորից կազմված Վերաքննիչ դատարանը միաձայն անմեղ է ճանաչել լրագրող Կոստաս Վակսևանիսին, որին դատախազությունը մեղադրել է HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի ներդրողների մասին անօրինականորեն անձնական տեղեկություններ տարածելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
2000 հարուստ հույների անուններից կազմված ցուցակը, որը Հունաստանում անվանում են «Լագարդի ցուցակ», լրագրողն իր Hot Doc ամսագրում հրապարակել էր մեկ տարի առաջ: Նա մեղադրվել է մասնավոր կյանքի անձեռնմխելիության օրենքը խախտելու համար և ձերբակալվել: 2012-ի դեկտեմբերին դատարանն արդարացրել էր լրագրողին, սակայն դատախազությունը բողոքարկում էր ներկայացրել:
Դատավճռից հետո լրագրողը հայտնել է, որ հետաքննչական լրագրությունը հաղթել է: Նրա փաստաբանի խոսքով՝ ցուցակի հրապարակումը բխել է հույն հասարակության շահերից, իսկ Վակսևանիսին հետապնդել են նրանք, ովքեր ցանկացել են թաքցնել ճշմարտությունը:









































