ԵՄ-ն անհամաչափ պատասխան է տվել եվրաինտեգրման գործընթացի դադարեցման մասին հայտարարած Ուկրաինային: Երեկ Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Մոլդովայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելուն: Այդ հայտարարությունն արվել է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից մեկ օր առաջ: Գագաթնաժողովի հանգուցալուծումը պետք է լիներ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Բրյուսելի ցուցադրական ժեստը կոչված էր ասելու Կիևին, թե ինչ է նա կորցրել և ինչ կարող է ստանալ՝ վերսկսելով եվրաինտեգրման գործընթացը: Այս մասին գրում է Kommersant-ը:
«Ուրախ եմ առաջարկել (Եվրախորհրդարանին և ԵՄ խորհրդին-1in.am) չեղյալ հայտարարել այցագրային ռեժիմը Մոլդովայի քաղաքացիների համար, ովքեր կենսաչափական անձնագրեր ունեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մոլդովայի իշխանություններին առանցքային բարեփոխումների իրականացման նրանց ջանքերի համար»,- երեկ հայտարարել էր ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալստրեմը՝ հավելելով, որ այցագրային խոչընդոտների վերացումը կհեշտացնի շփումը մարդկանց միջև և կամրապնդի գործարար, սոցիալական և մշակութային կապերը ԵՄ-ի ու Մոլդովայի միջև: Այդ դիրքորոշմանը համաձայնել է նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրահանձնաժողովի որոշումն անսպասելի չէր Քիշնևի համար: Նոյեմբերի 14-ին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն այդ ծրագրերի մասին պատմել էր Մոլդովայի վարչապետ Յուրիե Լյանկեին: Բրյուսելի ներկայացուցչի խոսքով՝ Քիշնևը բարեհաջող կատարել է բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ էին այցագրերի վերացման համար: Մասնավորապես, ներմուծվել է կենսաչափական անձնագիր, ուժեղացվել վերահսկողությունը սահմաններին, անցկացվել են օրենսդրական բարեփոխումներ:
Սպասվում էր, որ այցագրերի վերացման մասին կհայտարարվի երկօրյա գագաթնաժողովի ժամանակ, սակայն այն, որ դա տեղի ունեցավ վիլնյուսյան հանդիպումից մեկ օր առաջ, ԵՄ-ի համար ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական որոշում է:










































