Աշխաբադում ամբողջ նոյեմբերին ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով սրճարաններում, ռեստորաններում և դիսկոտեկներում կանանց ձերբակալության ակցիաներ են անցկացնում: Ժամը 23-ից հետո ձերբակալություններ են լինում փողոցներում, հայտնում է «Թուրքմենստանի քրոնիկա» պարբերականը:
Ձերբակալված կանանց բռնի ուժով ստուգում են՝ վեներական հիվանդություն ունեն, թե ոչ, մեզի նմուշ են վերցնում՝ թմրանյութերի առկայությունը ստուգելու համար:
Ձերբակալության ակցիան այսպես է տեղի ունենում. հաստատություն է մտնում սև կոստյումներով տղամարդկանց խումբ, բռնում են կանանց, դուրս տանում սրահից ու տանում ոստիկանության բաժանմունքներ: Ձերբակալում են ոչ միայն մենակ կանանց, այլև նրանց, ովքեր տղամարդու հետ են:
Ձերբակալված կանանց ամուսինների խոսքին ոստիկանները չեն հավատում: Պահանջում են ընտանեկան կարգավիճակը հաստատել փաստաթղթով:
Սեղանի շուրջ ծխելը կամ խմելը ևս կանանց ձերբակալելու պատճառ է:
Ոստիկանների խոսքով՝ ձերբակալությունները մարմնավաճառության դեմ պայքարի ձև են և ակցիաների արդյունքում վեներական շատ հիվանդներ են հայտնաբերվել: