Թուրքիան կարող է տրանսպորտային միջանցք դառնալ Եվրոպայի և Իրանի էներգետիկ շուկաների միջև՝ հայտարարել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Թեհրանում Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի հանդիպմանը:
«Իրանը մեծ ներուժ ունի էներգետիկ ոլորտում: Թուրքիայում էներգիայի պահանջարկը տարեկան կազմում է 60 միլիարդ դոլար: Թուրքիան տարանցիկ երկիր է, Իրանը՝ էներգիա արտադրող երկիր: Եթե մենք միավորենք մեր ներուժը, ապա Թուրքիան կարող է միջանցք դառնալ Եվրոպայի էներգետիկ շուկայի և էներգիայի մատակարար Իրանի միջև»,- ասել է նա: Այս մասին հայտնում է News-Azerbaijan-ը:
Թուրքիայի արտգործնախարարը Թուրքիայի և Իրանի այսօրվա հարաբերությունները համեմատել է Ֆրանսիայի ու Գերմանիայի հարաբերությունների հետ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դաշնակիցներ են դարձել ու հիմնել Եվրամիությունը: «Դրանք (թուրք-իրանական հարաբերությունները-1in.am) ունեն նույնպիսի կարևոր ներուժ»,- նշել է նա:
«Կարծում եմ, որ եթե մենք Իրանի հետ գնանք ձեռք ձեռքի տված, դա օգուտ կբերի ոչ միայն մեր երկրներին, այլև կդառնա տարածաշրջանային կայունության հիմք»,- ընդգծել է Դավութօղլուն:
Տնտեսական համագործակցության կազմակերպությունը մերձավորարևելյան տնտեսական հարթակ է, որի մեջ մտնում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: Հյուսիսային Կիպրոսն ունի դիտորդ երկրի կարգավիճակ: Կազմակերպության նպատակն է մշակութային և տնտեսական համագործակցության զարգացումը:






































