«Հոգևոր Հայաստան» նախաձեռնությունը այս օրերին բավական ակտիվ բանակցությունների մեջ է ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի սրացումներ չլինեն, կտրուկ գործողություններ չլինեն, իսկ լինելու դեպքում իշխանությունը չգնա ուժի կիրառման։ Հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ։ Բացի դա, «Հոգևոր Հայաստանը» ակտիվ բանակցությունների մեջ է Սփյուռքի հետ։
Ֆրանսիայի հրապարակում մեծ էկրան է տեղադրվելու, որի միջոցով ժողովրդին կոչով դիմելու հնարավորություն կունենա նաև Սփյուռքը։
«Հոգևոր Հայաստան»-ի անդամ Վարդան Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չբացեց փակագծերը, բայց նշեց, որ իրենք մեծ դերակատարություն ունեն սրացումները կանխելու մասով։
«Հոգևոր Հայաստանը» հանրապետությունում ընթացող բոլոր գործողություններին նայում է ռազմավարական տեսանկյունից, թե ինչ ունենք, ուր ենք շարժվում, որոնք են մեր նպատակները։ Եվ իհարկե, գոյություն ունեցող բավական վտանգավոր զարգացումները դեպի դրականը փոխելը։ Մեզ անհրաժեշտ է առկա բացահայտ դիսպրոպորցիան փոխել ի դրականս»,-ասաց Խաչատրյանը։
Վարդան Խաչատրյանը նշեց, որ պետք է ձևավորվի բացարձակ քաղաքական հավակնություններ չունեցող մտավորականների խումբ, որը կբանակցի բոլոր կողմերի հետ՝ բացառելու ներքին քաղաքական բախումները։ «Բայց պետք է խոստովանել, որ այդ մասով դրական ֆոն չկա»,-ասաց մեր զրուցակիցը։
Վարդան Խաչատրյանը նշեց, որ հատվածային լուծումներ չեն լինելու։ Անհրաժեշտ է ընդհանրական դաշտը բերել վերջնական տեսքի , որոշակի համաչափության, որպեսզի այն լինի դիմադրողունակ։
Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակը քիչ է, բայց իրենք պատրաստ են բանակցել բոլոր կողմերի հետ, որպեսզի բախումներ չլինեն։
«Եվ հետո առաջիկա երեք օրը ես չեմ համարում վերջնաժամկետ։ Խնդիրը համահայկական օրակարգի ձևավորումն ու այդ օրակարգի սպասարկումն է և դրա թափանցումը ազգային գիտակցականի մեջ»,-ասաց Խաչատրյանը։
Մեր դիտարկմանը՝ այսինքն այդ օրակարգը կարող է ձևավորվել նաև Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո՝ Խաչատրյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ այդ օրակարգը կարող է ձևավորվել կամայական ժամանակ»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































