ISON գիսաստղը, որը մոտ 130 հազար կմ/ժամ արագությամբ շարժվում է Արևի ուղղությամբ, ճանապարհին կազմալուծվում է: Այս մասին հայտնում CNN-ը՝ հղում անելով ամերիկյան տիեզերական NASA գործակալությանը:
Ամերիկացի գիտնականների տվյալներով՝ գիսաստղը սկսում է հալվել ու իր հետևից թողնել գազից ու փոշուց կազմված հետք, որը ձգվում է հազարավոր կիլոմետրերով: Չի բացառվում, որ գիսաստղի միջուկն արդեն լիովին ավերված լինի:
Այն նաև կորցրել է պայծառությունը, ինչը կասկածելի է դարձնում գիսաստղը նոյեմբերի 28-ին Երկրից անզեն աչքով տեսնելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ISON-ը կանցնի Արևից 1.2 մլն կմ հեռավորության վրա: Սպասվում էր, որ հենց այդ ժամանակ այն կհասնի լիալուսնի պայծառության՝ դառնալով մի քանի տասնյակի մեջ ամենապայծառ գիսաստղը:












































