Կարծիքը, որ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում հայ-թուրքական սահմանի բացման լավ նախադրյալներ կստեղծվեին, այնքան էլ իրատեսական չէ, քանի որ ԵՄ-ն այս պահին ունակ չէ այս հարցով որևէ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նրա խոսքով, Հարավային Կովկասը միշտ էլ կարևոր է եղել Թուրքիայի համար թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական առումներով: «Հարավային Կովկասը հիանալի միջանցք է Թուրքիայի համար՝ Թուրքմենստանի գազը իր տարածքով Եվրոպա արտահանելու համար: Սակայն այս տարածաշրջանում, ի դեմս Ռուսաստանի, Թուրքիան լուրջ մրցակից ունի: Թուրքական կողմը խնդիր ունի միջազգային հանրությանը ապացուցելու, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջնորդ և խաղաղարար պետություն է: Փորձելով օգտագործել տարածաշրջանում առկա հակամարտությունները՝ Թուրքիան դեմագոգիայի է գնում՝ ԼՂ խնդրով ազդելով Ադրբեջանի վրա, իսկ Վրաստանին շանտաժի է ենթարկում միջազգային հարթակներում չսատարել Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրների մասով:
Առաջին դեպքում դեմագոգիան արդյունք տվեց, և Թուրքիան 30 տոկոսով էժան ադրբեջանական գազ գնելու հնարավորություն ստացավ»,- նշեց թուքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերջին հայտարարություններին՝ նա նկատեց, որ այդօրինակ հայտարարությունները ևս դեմագոգիկ բնույթ են կրում: «Այսկերպ Թուրքիան փորձում է մտահոգել Ադրբեջանին»,- ասաց թուրագետը՝ հավելելով, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվի, Ռուսաստանը դրան ամենևին էլ դեմ չի լինի:
Խոսելով Ղարբաղյան հակամարտության մասին՝ Մուշեղ Խուդավերդյանը կարծիք հայտնեց, որ պատերազմի հավանականությունը փոքր է: «Ադրբեջանական իշխանություններին, ի դեմս այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի, մտահոգում է ոչ թե բուն պատերազմի հարցը, այլ սեփական հեղինակությունը և այն, թե ինչ կլինի հնարավոր պարտությունից հետո: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ապա դրանք բավական ակտիվ կարելի է գնահատել: Որևէ նախադրյալ չկա, որպեսզի համանախագահները փոխվեն»,- ասաց նա:
Ամփոփելով՝ թուրքագետն անդրադարձ կատարեց թուրք-վրացական հարաբերություններին՝ նկատելով, որ վերջին տարիներին թուրքական ազդեցությունն այդ երկրի վրա շատ է մեծացել: «Թուրքական ներդրումները Վրաստանում ընդլայնվում են, աճում է թուրք բնակչության թվաքանակը: Սակայ թուրք-վրացական հարաբերությունների սերտանալը, կարծում եմ, լուրջ նախադրյալ չէ հայ-վրացական հարաբերությունների վատթարացման համար»:










































