ՍԴՀԿ արդեն նախկին անդամները հանդես են եկել հայտարարությամբ՝ նոր կուսակցություն ստեղծելու մասին, որը կկոչվի «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն»:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
Սույն հայտարարությունը ստորագրած ՀՀ քաղաքացիներս, լինելով ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի արդեն նախկին անդամներ արձանագրում ենք, որ կառույցի որոշ անսկզբունք և պատեհապաշտ ամդամների կողմից, որոնք համագործակցաբար գործող ոչ օրինակարգ իշխանություների հետ, շահադիտական մեքենայություններին տուրք տալով, դատական անարդարացի և ոչ իրավական վճռի արդյունքում դուրս մղվեցինք նշյալ կառույցի շրջանակներից:
Փաստելով ՍԴՀԿ համաշխարհային կառույցում գոյացած խորը ճգնաժամը, պայմանավորված այդ կառույցի վերնախավի հեռացումը հիմնարար տեսլականերից, ավանդական գաղափարախոսության ուրացմամբ, նեղ նյութական շահերով առաջնորդվող, միմյանց հետ բզկտվող խմբերի առկայությամբ, արձանագրելով, որ ՍԴՀԿ համաշխարհային կառույցում տեղ գտած արատները նպատակաուղղված ներմուծվում են Հայաստանյան կառույց, ինչի հետևանքով այն կորցրել է ինքնուրույնությունը, գաղափարական ավանդական ուղենիշները, սերտաճել է ՀՀ ոչ օրինակարգ իշխանություների հետ և վերածվել վերջիններիս կցորդին:
Կրկին հավաստելով խորը հավատարմությունը այն տեսլականերին, որոնք հնչակյանության հիմքն են ողջ աշխարհում, որ կան հնչակյան նվիրյալներ, որպես միասնական հայացքների հետևորդ և պատմաքաղաքական ու գաղափարական ավանդույթների և տեսլականների տեր անձիք կարևորում ենք համախմբումը, ներքոհիշյալի շուրջ:
1.Հայաստանի Հանրապետության ստեղծման հռչակումով միջազգային հնչակյանությունը մտավ նոր պատմական ժամանակաշրջան, որի հրամայականն էր դառնալ հայատանակենտրոն ուժ:
ՀՀ-ն է այն առանցքը, որի շուրջ պիտի համախմբվի ողջ հնչակյանությունը, ՀՀ-ի հարատևումը իր պատմական սահմաններում պիտի լինի գերնպատակ յուրականչյուր հնչակյանի համար:
2.Այդ գերնպատակի իրագործման համար ձևավորված Հնչակյան Հայաստանյան կառույցը չպիտի ուղղորդվի որևէ մեկի կողմից թե դրսիս, թե ներսից: Այն չպիտի լինի ինչպես սփյուռքյան վերնախավի կամակատարը, ոչ էլ որևէ այլ իշխանությունների սպասառկուն:
3.Այդ ինքնուրույնությանը հասնելու համար ՀՀ հնչակյանները առաջին հերթին պիտի քաջ գիտակցեն, թե որոնք են ՀՀ հիմնարար, առաջնային պետական շահերը և ինչպիսի ռազմավարություն ու մարտավարություն է պահանջվում այդ շահերը միջազգային ու ներքին բեմերում պաշտպանելու համար:
4.Մեր բոլոր փորձերը ձեռք բերելու այդ խնդիրների պատասխանները, ՍԴՀԿ ներկա գործող համահնչյակյան կենտրոնական վարչության կողմից ամեն կերպ խոչնդոտվեցին Հայաստանի կառույցի պառակտմամբ և մեզ այդ կառույցից մեկուսացնելու տեսքով:
5.Քանզի խնդրո առարկան չափազանց արդիական է և հրատափ, ազգային-պետական շահը մեր երկրում ամենուրեք փոխարինվում է մանր-մունր կլանային շահադիտական հետաքրքրություններով՝ մենք ձեռնամուխ ենք լինում ստեղցծել նոր «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը», որը հավատարիմ մնալով հնչակյան դարավոր ավանդույթներին, արդիականացնելով ռազմավարությունը ու մարտավարությունը, կմշակի ժամանակակից հայցեկարգ, կոչված թարմ լիցք հաղորդելու ազգային-պետական շահերի բովանդակությանը: Ինչպես նաև նշյալ շահերի իրագործմանը:
6.Սա է այն այցեքարտը, որով «Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը» մուտք է գործելու քաղաքական դաշտ, ձեռք բերելով ինչպես քաղաքական-գաղափարական դաշնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ:
Լյուդմիլա Սարգսյան, Գայանե Թորոսյան, Ալբերտ Գաբրիելյան, Վարդան Բաբաջանյան, Ալեքսանդր Ալեքյան, Արմեն Ստեփանյան, Մարտիկ Մինասբեկյան, Դավիթ Ջուվալակյան, Գարիկ Մանուկյան, Գագիկ Հարությունյան, Համբարձում Եղիազարյան, Լևոն Լալազարյան, Նուբար Բեյլերյան, Արշակ Կիրակոսյան
Նարինե Եղիազարյան








































