Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նույնպես տուժել է գաղտնի տվյալերի արտահոսքից։ Այս մասին հաղորդում է The Verge–ը։
Հարցը տվել է կոնգրեսական Աննա Էշուն։ Պարբերականը նշում է, որ պարզ չէ, թե ինչպես են Ցուկերբերգի տվյալները հայտնվել Cambridge Analytica–ի տնօրինության տակ. արդյո՞ք նա ներբեռնել է thisisyourdigitallife հավելվածը, թե դրանք խորհրդատվական ընկերության ձեռքն են ընկել նրա ընկերներից մեկի միջոցով։

Կոնգրեսականները Ցուկերբերգին հարցաքննում են սենատորներից հետո,ովքեր Facebook-ի ղեկավարին հարցեր էին տալիս ապրիլի 10-ին՝ սոցցանցի միլիոնավոր օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի կապակցությամբ։
Facebook–ն ընդունել է, որ քաղաքական խորհրդատվությամբ զբաղվող Cambridge Analytica ընկերությանը հասանելի են դարձել 87 միլիոն մարդու անձնական տվյալները։ Դա արվել է thisisyourdigitallife հավելվածի միջոցով, որ խոստացել էր կազմել ան ներբեռնող օգտատիրոջ հոգեբանական պատկերը։ Բարձրացված աղմուկից հետո Ցուկերբերգը ներողություն է խնդրել օգտատերերից, իսկ սոցցանցը խոստացել է արգելել օգտատերերի տվյալների հասանելիությունը կողմնակի հավելվածներին։







































