Հռոմի պապը նոյեմբերի 26-ին հանդես է եկել Կաթոլիկ եկեղեցու հիմնավոր թարմացման կոչով: Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Հռոմի պապը դեմ է արտահայտվել «վայրի կապիտալիզմին»՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ավելի ակտիվ պայքարել իրենց երկրներում աղքատության և անհավասարության դեմ, իրենց քաղաքացիներին ապահովել աշխատանքով, կրթությամբ և բժշկական ծառայությամբ:
Պապը նշել է, որ համաշխարհային տնտեսական համակարգն արատավոր է դարձել, քանի որ ամբողջովին հիմնվում է փողի պաշտամունքի վրա: Նա հարուստներին կոչ է արել ավելի շատ բարեգործությամբ զբաղվել:
Պապի վրդովմունքն է աաջացնում այն փաստը, որ աղքատի մահը նորություններում չի հայտնվում, իսկ բանկային ինդեքսի փոփոխությունը սենսացիա է դառնում:
Ըստ Associated Press-ի՝ Պապը հայտարարել է նաև, որ աշխարհում անարդարության դեմ պայքարելու համար եկեղեցին պետք է ուշադրությունը կենտրոնացնի աղքատների հանդեպ գթասրտության վրա: Ֆրանցիկոս I-ի կարծիքով՝ Կաթոլիկ եկեղեցու կառուցվածքը չափազանց կենտրոնացված է, իսկ ինքը, որպես Հռոմի պապ, իշխանության և լիազորությունների ավելցուկ ունի:









































