Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հեռուստացույցով սպորտային մրցումներ դիտելը մեծացնում է սրտի կծկումների հաճախականությունն այնպես, ինչպես մարզումների ժամանակ, հայտնում է fedpost.ru-ն:
Արևմտյան Սիդնեյի համալսարանի hետազոտողները պարզել են, որ երբ մարդիկ դիտում են վազորդների մրցումները, նրանց սրտի զարկերի և շնչառության հաճախականությունը մեծանում է: Մրցման ավարտից հետո այդ ցուցանիշները նորմալանում են:
Գիտնականներին առաջին ագամ հաջողվել է պարզել, որ սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվությունը, որն ապահովում է նյարդային ազդակների փոխանցումը մկաններին, ևս մեծանում է սպորտային հաղորդումներ դիտելիս:
«Նյարդային ակտիվության տվյալ տեսակն ապահովում է օրգանիզմի ֆիզիոլոգիական արձագանքը ֆիզիկական կամ մտավոր սթրեսին»,- ասել է Արևմտյան Սիդնեյի համալսարանում ինտեգրատիվ ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Վոգան Մեյսֆիլդը:
Հետազոտության ընթացքում կամավորների մեջ շատ բարակ ասեղներ են դրել, որոնք արձանագրել են նյարդային մանրաթելերի էլեկտրական ազդանշանները:
Նախ մասնակիցներին ցուցադրվել է ստատիկ պատկեր, մինչ հետազոտողները հետևել են նրանց սիմպատիկ նյարդային ակտիվությանը: Այն ամբողջ ընթացքում, երբ կամավորները նայել են այդ պատկերին, հաղորդիչները փոփոխություններ չեն արձանագրել: Սակայն պատկերն ամբողջովին փոխվել է, երբ նրանց ցույց են տվել մարդու վազքի տեսագրություն, հայտնում է Mail Online-ը:
«Սպորտային մրցումներ դիտելիս կարող են հաճախանալ մարդկանց սրտի կծկումները, ինչը բնորոշ է ֆիզիկական ակտիվությանը, սակայն ոչինչ չի կարող փոխարինել սպորտի առողջարար հատկություններին»,- ասել է պրոֆեսոր Մեյսֆիլդը:










































