Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Անցյալ կառավարությունը մարդկանց չզրկեց հեքիաթներով ապրելուց, հեքիաթային է դարձել մեր կյանքը, և հեքիաթագրքի է վերածվել ՀՀ Սահմանադրությունը»,- ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն, հակառակ Սահմանադրության մեջ նշված դրույթների, հարկային անգութ վարչարարության և մարդկային կապիտալի նկատմամբ նյութական կապիտալի իշխանությունը ամրագրող պետություն է:
«Նաև՝ ժողովուրդն է պատկանում իշխանությունը, ոչ թե իշխանությունը՝ ժողովրդին: Կառավարության անդուլ ջանքերի հետևանքով էլ մարդը Հայաստանում ամենացածր և ամենաանպաշտպան արժեքն է»,- հայտարարեց պատգամավորը:
Ինչպես նշեց Գևորգ Պետրոսյանը՝ եթե այդ հոդվածները գտնվեն հանրապետության նորընտիր նախագահի ուշադրության կենտրոնում, ապա կարող ենք ասել, որ նա հետևում է Սահմանադրության պահպանմանը. «Հակառակ դեպքում ստիպված կլինենք զինաթափվել այն տեսակետի առաջ, որ մեզ գուցեև նախագահի ինստիտուտը պետք չէր»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































