Այսօր՝ ապրիլի 10-ին, Ազգային ժողովը սկսել է 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները:
«Կառավարությունը երեկ հրաժարական տվեց, և պատմություն դարձավ ևս մեկ կառավարության գործունեություն, որը նախորդներից տարբերվեց միայն իր գործելաոճով՝ չունենալով որակական որևէ ձեռքբերում: Իր գործունեության առաջին օրերին հերթական անգամ հնչեցրած կենացային խոստումները մնացին սոսկ խոսքեր»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն իր գլխավոր ձեռքբերումն է համարում 7,5 տոկոս տնտեսական աճը: Նա նկատեց, որ տնտեսական աճի վրա ազդել են հանքարդյունաբերության ոլորտում միջազգային գների աճը, որը մեխանիկորեն ավելացրել է տնտեսական աճը, ինչպես նաև ավելացել են տրանսֆերտները. «Այսինքն՝ միջազգային գների աճն ու ՌԴ տնտեսության մի փոքր բարելավումը համարվում է մեր կառավարության ձեռքբերումը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության մեջ ի հայտ եկած խնդիրները կանդրադառնան շուտով Հայաստանի տնտեսության վրա: Այդ դեպքում մեր կառավարությունը չի հապաղի այդ բոլոր մեղքերը բարդել արևմտյան պատժամիջոցների վրա»:
«Մոտ մեկ մլրդ ներդրում խոստացող կառավարությունը 2017-ին արձանագրեց 245 մլն դոլարի ներդրում: Ընդ որում, դրանից 225-ը տխրահռչակ Ամուլսարում կատարված ներդրումներն էին, ավելի ճիշտ՝ օֆշորից կատարված փոխանցումները»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ արդյունքում առաջիկա օրերին կձևավորվի հերթական անարդյունավետ կառավարությունը՝ իր հետ բերելով նորանոր խնդիրներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































