Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որն առաջինն է վերջին երկու տարիներին, կարևոր քայլ է: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը:
«Մենք ուրախ ենք, որ այդ հանդիպումը շարունակություն է ունենալու: Արտգործնախարարները հանդիպման հնարավորություն կունենան»,- ասել է նա:
Մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նախատեսվող հանդիպումը Կիևում՝ դեսպանը հայտարարել է, որ չէր ցանկանա նախօրոք խոսել նրանց նպատակների և զրույցի բովանդակության մասին:
«Մենք կշարունակենք աջակցել Մինսկի խմբին: ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, և դեսպան Ուորլիքն առանց հոգնելու աշխատում է իր գործընկերների հետ: Մենք կշարունակենք աջակցել նրանց ջանքերին՝ ուղղված երկարատև լուծմանը»,- հավելել է Բայերը:








































