Winamp մեդիա նվագարկիչի երկրպագուները գործարկել են savewinamp.com կայքն ու սկսել միջնորդագրի ներքո ստորագրահավաք անցկացնել՝ կոչ անելով AOL համացանցային ընկերությանը՝ չփակել այն կամ բացել դրա ելակետային ծածկագիրը: Երկրպագուների խումբը գրում է, որ Winamp-ով է սկսվել է թվային երաժշտության պատմությունը: Նրանք նշել են, որ պատրաստ են ստանձնել այն բաց նախագծի վերածելու հանձնառությունը:
Winamp-ի պահպանմանն ուղղված ստորագրահավաքի նախաձեռնողն ավստրալացի ծրագրավորող Փիթեր Ցավակին է: Ներկայումս միջնորդագրին ավելի քան 17 հազար մարդ է միացել: «Եթե AOL-ը թույլ տա բացել ելակետային ծածկագիրը, ապա այն «կապրի» հավերժ՝ հայտնվելով մարդկանց ձեռքում, ովքեր սիրում են այն և օգտվում դրանից ամեն օր»,- ասվում է միջնորդագրում:
16-ամյա Winamp-ը փակելու AOL-ի մտադրության մասին հայտարարվել է անցած շաբաթ: Winamp.com կայքն ու դրա հետ կապված վեբ ծառայությունները հասանելի չեն լինի դեկտեմբերի 20-ից հետո:
Winamp-ի փակման մասին տեղեկության տարածումից հետո շշուկներ են հայտնվել այն մասին, որ AOL-ը բանակցություններ է անցկացնում Microsoft-ի հետ ծառայության վաճառքի մասին: Գործարքի մասին կարող է հայտարարվել այս շաբաթ՝ փոխանցում է ArsTechnica-ն:









































