Սիրիայում հակամարտությունը նպաստում է լարվածության և ահաբեկչության զարգացմանը հարևան Իրաքում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս մասին հայտարարել է Իրաքի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
Նա նշել է, որ սիրիական ճգնաժամի լուծումը և տարածաշրջանում գոյություն ունեցող կրոնական ծայրահեղականությունը հաղթահարելու ռազմավարության մշակումը կենսական անհրաժեշտություն է Իրաքի կայունության ապահովման համար:
Նրա խոսքով՝ Իրաքում կրոնական, քաղաքական, քաղաքացիական առաջնորդներն իրենց մտավախությունն են հայտնում երկրում բռնության աճի կապակցությամբ, ինչը պայմանավորված է Սիրիայում չդադարող հակամարտությամբ: Ներկայում Իրաքում գրանցված է շուրջ 202 հազար սիրիացի փախստական:
ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մուհամադ Ալ-Հաքիմը կարծում է, որ Սիրիայում շուրջ 35 հազար զինված արտասահմանցիների գոյությունը, որոնք կռվում են հակամարտության տարբեր մասնակիցների շարքերում, քաղաքացիական պատերազմը վերափոխում են «ֆանատիկասների հակամարտության», ինչն ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա:
Նրա կարծիքով՝ ջիհադականները և ծայրահեղական խմբավորումները, որոնք մասնակցում են Սիրիայի պատերազմին, ներխուժում են նաև Իրաք:
Նա ՄԱԿ-ից պահանջել է որպես «մարդկության դեմ կիրառված հանցագործություն» հետաքննել Իրաքում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք հանգեցրել են հազարավոր իրաքցիների մահվան, և միջոցներ ձեռնարկել մեղավորների պատժելու համար:







































