Իսրայելի հյուսիսում շուտով կբացվի աշխարհում ամենախոշոր՝ 2000 հիվանդատեղով ստորգետնյա հիվանդանոցը՝ արտակարգ իրավիճակների համար: Այս մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
Ստորգետնյա հիվանդանոց կառուցելու նախագիծը ծնվել է 2010թ.: Նախագծում գլխավոր ներդրողը իսրայելցի միլիարդատեր Սամի Օֆերն է եղել, ով մահացել է 2011թ.: Ֆինանսական աջակցություն ցուցաբերել է նաև Իսրայելի կառավարությունը: Պարբերականի փոխանցմամբ՝ նախագծի արժեքը 700 միլիոն դոլար է:
Պատերազմի դեպքում հիվանդանոցը ի վիճակի կլինի ընդունել 2000 հիվանդի, իսկ անհրաժեշտ բժշկական սարքավորումները կտեղավորվեն 48 ժամվա ընթացքում: Խաղաղ ժամանակ ապաստարանը կլինի եռահարկ կայանատեղի 1400 մեքենայի համար:
Թերթի տվյալներով՝ ստորգետնյա հիվանդանոցը կարող է մի քանի օր ինքուրույն գործել արտաքին աշխարհից կտրվելու դեպքում: Այն պաշտպանված է նաև հրթիռների ուղիղ հարվածից, քիմիական, կենսաբանական զենքի ազդեցությունից: Բժշկական կենտրոնը կարող է դիմակայել նաև երկրաշարժին և բնական այլ աղետների: Հիվանդանոցն ունի էլեկտրաէներգիայի սեփական գեներացիա, իսկ գազի, ջրի, թթվածնի, դեղորայքի պաշարը կբավարարի 3 օր:









































