Քոչարյանի կողմից ղեկավարվող արտախորհրդարանական ուժերին հաջողվել է մոլորության մեջ գցել որոշ ազատամարտիկների: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով Հայաստանում գործող արտախորհրդարանական ուժերին:
Նա նշեց, որ արտախորհրդարանական ուժերը, ինչպես ԱԺ-ում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, նույնպես վերահսկվում են Ռուսաստանի և կառավարվում՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, փորձում են խորհրդարանից դուրս Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն առաջ քաշել ու զարգացնել:
«Շատ ցավալի է, որ նրանց հաջողվել է մոլորության մեջ գցել որոշ ազատամարտիկների, իսկ նրանք, չհասկանալով, նպաստում են այդ գործընթացին: Կոչ եմ անում նրանց՝ բարձրացնել Սարգսյանի ոչ թե հրաժարականի, այլ պաշտոնանկության հարցը, որովհետև Սերժ Սարգսյանի սկսած գործընթացը ոչնչացնում է մեր ինքնիշխանությունն ու պետականությունը: Եթե ազատամարտիկներն այդ հարցը բարձրացնեն, ռուսական ազդեցության ուժերը միանգամից մի կողմ կքաշվեն»,- նման կոչով հանդես եկավ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավարը:










































