Եվրամիությունը հնարավոր չի համարում Ռուսաստանի ներգրավվածությունը Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման մասին բանակցություններին, երկխոսությունը կարող է տարվել միայն երկկողմ սկզբունքով: Այս մասին RIA Novosti-ին հաղորդել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգադաս Ուշացկասը:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե՝ ՌԴ-ն պատրաստ է ԵՄ-Ուկրաինա-ՌԴ եռակողմ բանակցություններին՝ Ասոցացման համաձայնագրի հավանական ստորագրման դեպքում խնդիրները լուծելու համար, Ուշացկասն ընդգծել է որ բանակցությունները կարող են ընթանալ միայն երկկողմ հիմքով:
«ԵՄ արձագանքն այն է, որ մենք առանձնահատուկ գնահատում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Մենք պատրաստ ենք քննարկել տարբեր խնդիրներ, այդ թվում՝ առևտրային հարաբերություններին առնչվող հարցեր՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում մեր համատեղ պարտականությունների հիմքով: Սակայն պայմանագրերի հարցերով բանակցությունները, ինչպես Ռուսաստանի հետ (բազային նոր համաձայնագրի հարցով), այնպես էլ Ուկրաինայի հետ (ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին), տարվում են երկկողմ հիմքով»,- ասել է Ուշացկասը:











































