«Երբ համապատասխան առաջարկը ներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը, մենք կանդրադառնանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանին տրամադրվելիք նոր վարկին:
Հարցին՝ որքա՞ն վարկի մասին է խոսքը, Կորյուն Նահապետյանը նույն պատասխանը տվեց. «Քանի դեռ առաջարկը չի ներկայացվել, այս պահին քննարկելը ոչ նպատակահարմար ենք համարում»:
Կորյուն Նահապետյանը նույն պատասխանը տվեց նաև հարցին, թե ի՞նչ սպառազինության համար է վարկը հատկացվելու և արդյո՞ք առանց տոկոսի. «Ուզում եք 4-րդ անգամ ձևակերպեք՝ մեկ այլ բովանդակությամբ: Եկեք հիմա ենթադրություններ չանենք»:
Ինչ վերաբերում է նախկինում ձեռք բերված սպառազինությանը, Կորյուն Նահապետյանն ասաց, որ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ այդ միջոցները ձեռք են բերվում. «Իսկ նոր համաձայնագիրը կքննարկվի, նորից եմ կրկնում՝ այն ժամանակ, երբ Ազգային ժողովում կստացվի համապատասխան փաստաթուղթ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































