Թաիլանդում հակակառավարական ցույցի շուրջ 40 մասնակից ներխուժել է երկրի ֆինանսների նախարարության շենք՝ հաղորդում է Reuters-ը:
Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերին մասնակցում է շուրջ 300 հազար մարդ:
RIA Novosti-ն հաղորդում է, որ ցուցարարների մեկ այլ խումբ փորձում է ներխուժել կառավարության տուն: Ցուցարարներին հաջողվել է քանդել փշալարերը, և ներկայումս բախումներ են տեղի ունենում ոստիկանության հետ:
Երկուշաբթի առավոտյան նախարարների կաբինետի 30 րոպե տևողությամբ նիստի ավարտից հետո կառավարության տան բոլոր աշխատակիցները տարհանվել են շենքից:
Հիշեցնենք, որ «Միլիոնավոր ցուցարարների երթը» մեկնարկել է այսօր առավոտյան երկրի մայրաքաղաք Բանգկոկում՝ Ժողովրդավարության հուշահամալիրի մոտից, որտեղ տեղակայված է ընդդիմադիր վրանային քաղաք: Ցուցարարները բաժանվել են 13 խմբի և շարժվել քաղաքի տարբեր կետեր, որտեղ բողոքի ակցիաներ են կազմակերպել:









































