Իտալիայում ամենալուրջ խնդիրը երիտասարդության շրջանում գործազրկությունն է, որը պահանջում է անհապաղ լուծում՝ հայտարարել է Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Վերջին 5 տարիներին երկրում երիտասարդության շրջանում անընդմեջ ավելանում է գործազրկությունը: Այդ երևույթը բավականին նոր է. երիտասարդ իտալացիների շրջանում երբեք այդքան շատ գործազուրկներ չեն եղել, որովհետև մեր համակարգը միշտ գեներացրել է աշխատատեղերը: Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը առավելապես ազդել է երիտասարդ սերնդի վրա՝ նրանց զրկելով հույսից»,- ասել է Լետան:
Նրան անհանգստացնում է այն, որ շատ երիտասարդ իտալացիներ իրենց ապագան տեսնում են երկրի սահմաններից դուրս:
«Ներկայիս ցուցանիշը՝ 40 տոկոս գործազրկություն երիտասարդության շրջանում, անընդունելի է, անհրաժեշտ է անել հնարավորը՝ այն նվազեցնելու համար, այդ իսկ պատճառով ես առաջին ամիսներին միջոցներ եմ ձեռնարկել՝ խրախուսելու այն ընկերություններին, որոնք աշխատանքի են վերցնում երիտասարդներին»,- ասել է Իտալիայի վարչապետը:









































