ԱՄՆ-ն մտադիր չէ Եվրոպայի անվտանգության ամրապնդման համար ավելի շատ միջոց և ջանք գործադրել, քան եվրոպացի առաջնորդները։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մեր դաշնակիցները պետք է ավելին անելու ցանկություն ցուցաբերեն։ Չի կարելի սպասել, որ մենք ավելի ակտիվ կլինենք, քան իրենք եվրոպացիները, կդիմակայենք խողովակատարների կառուցմանը, որոնք Եվրոպան ավելի խոցելի են դարձնում՝ ձմռանը մատակարարումները դադարեցնելու հետ կապված»,-ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ սենատորները ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին և պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանին հղված նամակում դեմ են հանդես եկել «Հյուսիսային հոսք-2» գազատարին։









































