ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեռ վաղ է համարում արդեն 2,5 օր շարունակվող իրենց քայլարշավին գնահատական տալը: Այս մասին նա հայտնեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված լուրերին, թե իրենց մեքենա է հետապնդել, Փաշինյանն ասաց. «Առաջին ճամբարից հեռու 3 մեքենաներ էին կանգնած, ենթադրում եմ, որ ոստիկանությունն է: Բայց մեր հարցը հետևյալն էր՝ եթե ոստիկանությունն է, ինչո՞ւ հենց ոստիկանական մեքենաներով հերթապահություն չեն անում, ինչը տրամաբանական կլիներ»:
Նիկոլ Փաշինյանը իրենց քայլարշավին բնակչության ոչ թե ակտիվություն, այլ ակտիվության նախանշաններ է տեսնում. «Համենայնդեպս, երեկ այնքան մեծ էր ակտիվությունը, որ մենք ֆեյսբուքյան մեր ասուլիսը չեղարկեցինք, որպեսզի մարդկանց հետ շփվեինք»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս քայլարշավի նպատակն է մի քանի խնդիրներ լուծել. «Առաջին՝ հանրության ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կասեցնելու օրակարգի կարևորության վրա, երկրորդ՝ որոշակի վստահություն ներշնչել Հայաստանի քաղաքացիներին իրենց ուժերի նկատմամբ, և երրորդ՝ հարթակ ստեղծել նրանց ակտիվության համար: Իսկ թե այս ամենը ինչ արդյունքի կհանգեցնի՝ կերևա Ազատության հրապարակի 4-օրյա գործողություններից»:
Փաշինյանը վստահեցրեց, որ սա լինելու է քաղաքական գործողությունների գործընթաց, չի լինելու հանրահավաք-տուն գնալու գործընթաց:
Մանրամասները՝ տեսանյութում:









































