Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ:
Հանդիպման օրակարգում եղել են նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ նշել են, որ հայ-ֆրասնիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում:
Կողմերն քննարկել են նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։









































