Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե արդեն ամեն ինչ որոշված է, թե ինչ է լինելու Հայաստանի հետ կապված Վիլնյուսում և ինչ պատվիրակությամբ մեր երկիրը կմասնակցի գագաթնաժողովին:
Հայաստանի արտգործնախարարը, սակայն հրաժարվել է մանրամասնել՝ նշելով, թե «ամեն ինչի մասին կհայտնեն համապատասխան ժամկետում»: Մի կողմ թողնենք այն համոզումը, որ ոչ ՀՀ ԱԳ նախարարը, ոչ թերևս Սերժ Սարգսյանը չգիտեն Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի մասնակցության ձևաչափը և որ այդ հարցերը սեպտեմբերի 3-ից հետո որոշվում է Մոսկվայում: Սակայն ուշադրության է արժանի առավելապես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին՝ անմեղսունակության հասնող և իրար հետ հակասության մեջ գտնվող հայտարարությունները:
Երևի թե դժվար է պատկերացնել առավել անբովանդակ, առավել տխուր, դատարկ, ասելիք չունեցող արտաքին գործերի նախարար, քան Էդվարդ Նալբանդյանն է: Եվ սա մի իշխանության արտգործնախարար է, որը 5 տարի առաջ հռչակեց արտաքին քաղաքական նախաձեռնողականության մասին: Նախաձեռնողական արտաքին քաղաքականության ջատագովներն այսօր բոլորովին ասելիք չունեն:
Հայաստանը պետություն է բուռն և կարևոր զարգացումներով հարուստ մի տարածաշրջանում, որտեղ այդ պետությունը պետք է որ ունենա իր ասելիքն ու անելիքը և ամեն հարցում չէ, որ գերադասելի է պարզապես լռելը և ընդամենը վիճակագրի ոգով ինչ-որ բաներ արձանագրելը:
Նման իրավիճակներում առավել քան ակնհայտ է դառնում, որ երկիրը չունի արտաքին քաղաքականություն, և ոչ միայն քաղաքականություն չունի, չունի նաև դրա պոտենցիալը: Սա նաև զարմանալի չէ, որովհետև ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեսլականներ ունի երկիրը իր իսկ ներսում, իր իսկ համար, իր քաղաքացիների համար: Այդ տեսալականն այսօր բացառապես պտտվում է նյութի շուրջ, որը պարուրվում է ազգային կեղծ կարգախոսներով, կեղծ հռչակագրերով, կեղծ ցեղակրոնությամբ: Այսինքն, երկրի ներսում նպատակ է հռչակվել հարստությունը, դրա զրահ է հռչակվել ազգայնականությունը, իսկ արտաքին աշխարհն էլ այդ ֆոնին հռչակվել է Հայաստանի թշնամի՝ բացառությամբ Ռուսաստանի, քանի որ նույն ներքին տեսլականներն էլ Ռուսաստանում են: Նման ներքին կառուցվածքի պայմաններում ուղղակի անհնարին է, որ երկիրն ունենա արտաքին քաղաքականություն: Արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է ներքին կյանքը համապատասխանի արտաքին աշխարհին, այսինքն ներդաշնակ լինի այդ աշխարհի անցուդարձին, արժեքներին, գերակայություններին, քաղաքակրթական մոդելի առանձնահատկություններին և հիմնաքարերին: Արտաքին քաղաքականությունը կարելի է ունենալ աշխարհի լիարժեք մաս լինելու, դրա զգացողությունն ունենալու պարագայում: Իսկ այդ զգացողության համար պետք է ապրել աշխարհում, ոչ թե թաքնվել ու մեկուսանալ, իսկ ներքին կյանքում էլ գծված կանոններից շեղվողներին մեղադրել աշխարհի թշնամական պատվերները կատարելու համար:
Թվում է, որ այս ամենը իրար հետ ոչ մի կապ չունի, բայց իրականում կապը շատ հստակ է և հենց դա է հանգեցնում արտաքին քաղաքականության գենետիկ, ֆիզիոլոգիական բացակայության: Հետևաբար, արտաքին քաղաքականություն ունենալու համար մենք պետք է նախ երկրի ներքին տեսլական ունենանք, մենք պետք է մեր պետությունն աշխարհի մաս պատկերացնենք, ոչ թե աշխարհը մեր կալվածապետությանը թշնամի: Այսինքն, մեր խնդիրը մեր մեջ է, մեր երկրի մեջ, մենք պետք է ընտրություն կատարենք՝ արտգործնախարարությունը թողնել ընդամենը որպես դիվանագիտական վիճակագրության ծառայություն, թե այն վերածենք պետության շահը սպասարկող գործուն և կենսունակ մի կառույցի, որը բովանդակություն կունենա՝ ասուլիսից մինչև որևէ միջազգային այցելություն, որևէ միջազգային նախագիծ, որտեղ Հայաստանը կունենա դերակատարություն, որտեղ Հայաստանը չի լինի գործիք, որտեղ Հայաստանը կներկայացվի մտքերով, փաստարկներով, ոչ թե ստորագրող ձեռքերով և հուզմունքից կարմրող այտերով: Որովհետև, իրականում, առնվազն ենթագիտակցական մակարդակում, այտերը կարմրում են ամոթից, պետություն չլինելու ամոթից, պետություն չներկայացնելու ամոթից, աշխարհում օտար, խորթ լինելու ամոթից, երբ աշխարհը քեզ կանչում է, առաջարկում է, ընդունում է, բայց դու այդ ամենին անհաղորդ ես, որովհետև քո ներսում, քո երկրի ներսում աշխարհը մերժում ես և ընդունում միայն ազգային կեղծավորությամբ պատված նյութապաշտությունը:
Սա բավական լուրջ խնդիր է, որը եթե չլուծվի, ապա Հայաստանը կարող է իսկապես թանկ վճարել արտաքին քաղաքականության փոխարեն վիճակագրությամբ զբաղվելու համար:












































