Արդեն քանի ամիս է Հայաստանում շարունակվում է թռչնամսի ու ձվի թանկացումը: Այս տարվա առաջին 10 ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակի համեմատ թանկացումը 10.5 տոկոս է, իսկ եթե համեմատում ենք հոկտեմբերը՝ 2012թ.-ի հոկտեմբերի հետ թանկացումն ավելի մեծ է՝ 13 տոկոս:
Սա թերևս պայմանավորված է թռչնի քանակով, քանի որ մենք չենք բավարարում թռչնի մսի արտադրության մեր իսկ պահանաջարկը: Մեր ներքին պահանջարկը չի բավարարում նաև հավկիթը, որի արտադրությունը վերջին շրջանում նվազել էր և դրա պատճառով թանկացումը 33.5 տոկոս է, եթե այս տարվա հոկտեմբերի գինը համեմատում ենք նախորդ տարվա հոկտեմբերի գնի հետ:
Իհարկե Գյուղնախարարը հայտարարել է, որ այս տարի տոներից առաջ հավկիթի թանկացում չի լինի, սակայն իրավիճակն այնպիսին է, որ սրանից ավելի թանկացումն արդեն անթույլատրելի էր: Գործարարներն իրենց հերթին խոստացել են, որ հավկիթը չի թանկանա, բայց խնդիրն այն է, որ նաև չեն խոստացել, որ կէժանանա: Այսինքն, գները այս բարձրացված մակարդակում էլ կմնան:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի հանրապետությունում հավկիթի 10 հատանոց տուփը վաճառվում է 720-ից 800 դրամով, այսինքն՝ մեկ ձուն՝ 72-80 դրամով:
Հավկիթի թանկացումը սկսվեց շատ կտրուկ: Օգոստոսին մի քանի սուպերմարկետներում Հակամենաշնորհային հանձնաժողովը նկատեց 4-5 դրամ թանկացում: Տնտեսվարողները այդ թանկացումը բանավոր բացատրել էին էներգակիրների և հավի կերի թանկացմամբ: Սակայն մինչև հիմա դեռ հստակ չէ, թե այս պատճառաբանությունները որքանով են հիմնավոր, և այս գործոնները ինչ չափով կարող էին ազդել գնաճի վրա:
ՏՄՊՊՀ-ն գրեթե 3 ամսի առաջ ոլորտի 4 խոշոր խաղացողներից` Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայից, Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայից, «Արաքս» թռչնաֆաբրիկայից, Արզնու տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայից, հիմնավորումներ է պահանջել: Եթե պարզվեր, որ թանկացումն անհիմն է տնտեսվարողներից ամեն մեկը պետք է տուգանվեր մինչև 200 մլն դրամով:
Սակայն թանկացումները դեռ շարունակվում են, իսկ ՏՄՊՊՀ-ում էլ դեռ վերլուծություններ են անում:









































