Չինաստանի Ցզիլին հյուսիսարևելյան գավառում ավելի քան 5.0 մագնիտուդ հզորությամբ մի շարք երկրաշարժերի հետևանքով 260 հազար ընտանիք է տուժել, ևս 45 հազար մարդ տարհանվել է: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ըստ գավառի իշխանությունների նախնական տվյալների` նյութական վնասը կազմել է 2 մլրդ յուան (328 մլն դոլար):
Տուժած շրջաններ են ուղղվել փրկարարական ջոկատներ, սակայն նրանց աշխատանքին խոչընդոտում են ցածր ջերմաստիճանը և ձյունը: Առաջիկա 3 օրերի համար չինացի օդերևութաբանները փոթորիկներ են կանխատեսում:
Իշխանությունները տուժած շրջաններ են ուղարկել անհրաժեշտ իրեր, այդ թվում` ծածկոցներ և տաք հագուստ:
Հիշեցնենք, որ 5.8 և 5.0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել շաբաթ օրը ՉԺՀ-ի հյուսիս-արևելքում գտնվող Ցզիլին գավառում:







































