Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը մարտի 27-ին հանդիպեց ԼՀ Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկու հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մարեկ Ռոցկու գլխավորած Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական Միության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների՝ Հայաստան կատարած պաշտոնական այցին և դրա արդյունքներին:
Զրուցակիցները քննարկեցին նաև խորհրդարանական համագործակցության խնդիրները և հեռանկարները, որի համատեքստում դեսպան Ղազարյանը հույս հայտնեց, որ Լեհաստանի խորհրդարանը հնարավորին շուտ կվավերացնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:





































