Հանրապետության նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ վերջին հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի Զինված ուժերի կառավարման նոր համակարգը, որը կիրառվելու է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո: Նախագահն այս հարցի մասին խոսել էր դեռևս 2017 թ. հոկտեմբերին՝ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը ներկայացնելիս: Նախագահն ասել էր, որ զինված ուժերի արդիականացման առաջին կարևոր ուղղությունը սահուն անցումն է Սահմանադրության փոփոխություններից բխող՝ Զինված ուժերի կառավարման համակարգի նոր պայմանների: Այսպիսով, փոփոխված Սահմանադրության համաձայն՝ փոփոխության է ենթարկվում Հայաստանի Զինված ուժերի կառավարման ուղղահայացը՝ ստանալով վարչապետ-անվտանգության, խորհուրդ-կառավարություն-պաշտպանության, նախարար-գլխավոր շտաբի պետ տեսքը:
Ո՞վ է Գերագույն հրամանատարը
Հիմա պետք է պարզել, թե որքանո՞վ է Զինված ուժերի կառավարման այս հիերարխիան արդյունավետ և որքանո՞վ է այն համապատասխանում փոփոխված Սահմանադրությանը: Հիշենք, որ 2015 թ. ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են: Պատերազմի ժամանակ Զինված ուժերի Գերագույն հրամանատարը վարչապետն է: Ոչ պատերազմական ժամանակ, այլ կերպ ասած՝ մինչև պատերազմ հայտարարելը ԶՈւ-ն ֆորմալ իմաստով Գերագույն հրամանատար չի ունենալու: ԶՈւ զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Ոչ պատերազմական ժամանակ նա ենթակա է պաշտպանության նախարարին:
Նախագահի փոխարեն՝ վարչապետը
ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը չցանկացավ կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ՝ ասելով, որ իր կողմից գնահատական տալը կոռեկտ չի լինի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անվանի գեներալը նշեց. «Նախկինում այսպես էր՝ նախագահը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, հետո գալիս էր պաշտպանության նախարարությունը, բանակի ուղեղը գլխավոր շտաբն էր: Իմ օրոք մենք այսպիսի համակարգ ենք ստեղծել: Իսկ հիմա նախագահի փոխարեն կլինի վարչապետը: Ես չեմ ցանկանա մեկնաբանել, քանի որ որոշումն արդեն կայացված է, Սահմանադրությունն է փոխվել, և հիմա, ըստ էության, վարչապետն է Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը: Նա չգիտես՝ ինչու չի կոչվում Գերագույն գլխավոր հրամանատար, բայց նա է կառավարում երկիրը»:
Մեծ փոփոխություններ չեն եղել
ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Զինված ուժերի կառավարման սխեման էապես չի փոխվելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Թևան Պողոսյանը ներկայացրեց նոր Սահմանադրությամբ նախատեսված կառավարման առանձնահատկությունները. «Սահմանադրությունը և օրենքը ասում են, որ Զինված ուժերի ամենօրյա կառավարումը ռազմական իմաստով իրականացնում է գլխավոր շտաբի ղեկավարը, իսկ նախարարը պատասխանատու է քաղաքական զարգացումների համար: Երբ առաջանում է պատերազմական իրավիճակ, վարչապետը ստանձնում է Գերագույն գլխավոր հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները: Իսկ Ազգային անվտանգության խորհուրդը այն մարմինն է, որտեղ կոլեգիալ սկզբունքով քննարկվում են բոլոր ռազմավարական ծրագրերը: Այնպես որ, իր իմաստով ամեն մեկն ունի իր ֆունկցիաները: Պետք է հասկանանք, որ կառավարման մեջ որևէ բան չի փոխվում, բացի նրանից, որ եթե նախկինում Ազգային անվտանգության խորհուրդն ավելի լայն հարցերի համար էր քննարկումներ կազմակերպում, ապա հիմա միայն պաշտպանական ոլորտի խնդիրներն են քննարկելու: Ըստ էության, սխեմայի մեջ մեծ փոփոխություններ չեն եղել, պարզապես եթե այսօրվա դրությամբ նախագահն ամեն օր է Գերագույն գլխավոր հրամանատար համարվում, իսկ նոր Սահմանադրությամբ՝ վարչապետն է Զինված ուժերի Գերագույն հրամանատարը, եթե պատերազմական իրավիճակ է»:
Պողոսյանը շեշտում է՝ բանակի կառավարման սխեման միշտ պետք է լինի հիերարխիկ: Այդ հիերարխիան գծված է, բայց թե այն ինչպես կգործի պրակտիկայում, կյանքը ցույց կտա:
«Ամեն դեպքում ակնհայտ է, որ այնտեղ չկան տարընթերցումներ: Կառավարման ամբողջ սխեման գրված է թղթի վրա: Թղթի վրա հասկանալի է, պարզ է: Հիմա հարցն այն է, թե իրական կյանքում դա ինչպե՞ս է աշխատելու: Դա արդեն իրական կյանքը ցույց կտա ապրիլի 9-ից հետո»,-ավելացրեց մեր զրուցակիցը:









































