ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի, Ֆորտ–Մայերս քաղաքի բնակչուհին խորհրդանշական ամուսնություն է կնքել հսկայական ֆիկուսի հետ, որպեսզի փրկի նրան հատվելուց։
Քաղաքային իշխանությունները որոշել էին ազատվել ծառից, որը 740 քառակուսի մետր մակերես է ծածկում. նրա արմատները տարածվել են պուրակից դուրս և հասել են այն հողամասին, որը վաճառքի է դրված։

Փետրվարին Քերեն Կուպերը լսել էր մեքսիկացի կանանց մասին, ովքեր ամուսնացել էին ծառերի հետ՝ այդպիսով իրենց բողոքի ձայնը բարձրացնելով ընդդեմ ծառերի հատման։ Նա պատմել է այդ մասին ֆիկուսի մյուս պաշտպաններին և կատակել է, որ իրենք էլ պետք է այդպես վարվեն։ Բոլորը հավանություն են տվել այդ գաղափարին։
Հարսանիքը տեղի է ունեցել բարեկարգման հանձնաժողովի նիստից երեք օր առաջ, որտեղ պետք է որոշվեր ֆիկուսի ճակատագիրը։ Պուրակում մոտ հիսուն մարդ է հավաքվել՝ ծաղիկներով և հարսանեկան տորթով։

Կուպերն ու մի քանի այլ կանայք, սպիտակ շորերով, երդվել են հարգել և պաշտպանել ծառին։ Մատանիները բերել է Փոքրիկ Արջուկ անունով շնիկը։
«Եթե նրանք հատեն այս ծառը, ես կայրիանամ»,– կատակում է Կուպերը։ Քաղաքային իշխանությունները համաձայնել են մտածել ծառը պահպանելու մասին, սակայն վերջնական որոշումը դեռևս ընդունված չէ։









































