Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել է աշխարհում ֆրանսերենի տարածման և հանրաճանաչություն ձեռք բերելու ծրագիրը։ Այն ներկայացրել են ֆրանկոֆոնիայի և ֆրանսերենի միջազգային օրը՝ մարտի 20-ին։
Նպատակն է՝ մինչև 2065-ը աշխարհում ֆրանսերեն խոսողների (ֆրանկոֆոնների) թիվը 1 միլիարդի հասցնելը։ Այժմ ֆրանսերենն աշխարհում ըստ տարածվածության հինգերորդ տեղում է՝ չինարենից, անգլերենից, իսպաներենից և հինդիից հետո։
«Արտերկրում ֆրանսիական միջնակարգ դպրոցը ֆրանսախոս դաստիարակության հիմքերից է։ Այդ ցանցը կմիավորվի և կուժեղացվի»,-հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ նման ջանքեր կգործադրվեն նախ Աֆրիկայում։
Ֆրանսիայից դուրս 500 ֆրանսիական դպրոց է գործում, որոնցում 350 հազար աշակերտ է սովորում։ Ըստ նոր ծրագրի՝ դրանց թիվը պետք է կրկնապատկվի։
Մակրոնը նաև նշել է Ֆրանսիայում փախստականների՝ ֆրանսերենին հասանելիությունը բարելավելու անհրաժեշտությունը։








































