Ընդդիմության վերացումից հետո Սերժ Սարգսյանը դարձավ անփոխարինելի։ Ընդդիմության ոչնչացման համար այդքան ժամանակ և այլ ռեսուրսներ օգտագործելու հիմնական նպատակն էլ հենց այդ էր՝ որ դառնա անփոխարինելի։ Հիմա արդեն Հանրապետական Կուսակցությունը հպարտորեն կամ ամոթխած կարող է հայտարարել, որ Սերժ Սարգսյանը անփոխարինելի է։
Սակայն դեռ Հեգելի ժամանակից էր հայտնի, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, և ակնհայտ է, որ ՀՀԿ առաջնորդն ինքն է ձեռնարկում անփոխարինելիության միֆի կազմաքանդումը։ 2015 թ. սահմանադրական փոփոխությունը դրա պարզ ապացույցն են։ Թեև չարակամները պնդում են, որ Սերժ Սարգսյանը դրանով հավերժացնում է իր իշխանությունը, սակայն հավերժացնելուց բացի նա ձեռնարկել է նաև համակարգի արմատական փոփոխությունը։
Պարոն Արմեն Սարգսյանին նախագահ նշանակելը Սերժ Սարգսյանի խորաթափանցության և երկրի հետագա զարգացման իրական գրավականն է։ Արմեն Սարգսյանի ներկայանալիության, միջազգային փորձի և կապերի մասին կրկնելը ավելորդ է, այս մասին շատ է խոսվել ու գրվել, և կարծես անգամ ամենաչարակամները չեն կասկածում այս բնութագրերին։ Սա շատ կարևոր գործոն է, քանի որ ընդդիմության հոգեհանգստից հետո միջազգային մակարդակում Սերժ Սարգսյանից բացի այլ հայաստանյան զրուցակից չկար։ Հիմա բոլորը հանգիստ կարող են դիմել Արմեն Սարգսյանին թե Ղարաբաղի հարցով, թե ներդրումների, թե ժողովրդավարական բարեփոխումների։
Ավելի կարևոր է, որ Արմեն Սարգսյանը այս ընթացքում կուտակել է գանձեր ոչ միայն երկրի վրա, այլև իր հայրենակիցների մեջ։ Չնայած անցած տարիներին հիմնականում նա պատահաբար էր այցելում Հայաստան, սակայն կարողացել է ստեղծել համակիրների կուռ թիմ և’ տնտեսական ու բիզնես ոլորտներում, և՛ քաղաքականամերձ շրջանակներում, և՛ լրատվամիջոցներում։ Նրա բազմաթիվ բիզնեսների մենեջերներն ու խորհրդատուները լուրջ պոտենցիալ են, որոնք կարող են կազմել ապագա կառավարության ողնաշարը։ Արմեն Սարգսյանի հովանավորած տարբեր ֆոնդերի մասնակիցները, ուսումնական ծրագրերի շրջանավարտները, անգամ նրա համալսարանական ընկերները, որոնք դեռւես համեստորեն իշխանական երկրորդ էշելոնում են գտնվում, սպասում են նոր քաղաքական դարաշրջանի մեկնարկին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը Սերժ Սարգսյանը թերևս հաշվի էր առել, քանի որ Արմեն Սարգսյանի օրոք կլինեն ոչ թե կոսմետիկ փոփոխություններ նույն Հանրապետական ընտրախավով, այլ ռեալ զարգացում ու նոր մարդիկ։ Արմեն Սարգսյանը չի սիրում երկար վայելել նրանց, ում պարտական է իր վերելքով, և այստեղ բավարար է հիշել նրա ներկա հարաբերությունները Լևոն Տեր-Պետրոսյանի և Վաչե Մանուկյանի հետ։
Կոմպլեքսներից ազատ լինելուն է նպաստում նաև այն, որ Արմեն Սարգսյանը քիչ կապեր ունի Հայաստանի հետ։ Գիտակցական կյանքի մեծ մասը նա անց է կացրել բրիտանիաներում, ընտանիքի անդամների որոշ մասը թեև խոսում է հայերեն, սակայն բնակվում է արտասահմանում, այնպես, որ Արմեն Սարգսյանն իրականում ազատ է հայրենասիրական սենտիմենտներից և պատրաստ Հայաստանի համար իրական փոփոխությունների։
Դեռևս իր վարչապետության սակավ օրերի ընթացքում Արմեն Սարգսյանի խարիզման գերեց մեր լրատվամիջոցներին, որոնք անգամ նրա հրաժարականից հետո շարունակում էին գովերգները, իսկ այժմ ընտրյալ նախագահը նոր թափով է ձեռնամուխ եղել մեդիա լոբբինգին, և բացի մի քանի վարձու գրանտակերներից, ոչ ոք չի հանդգնում նրա մասին վատ բան ասել։
Իհարկե, կան նաև որոշ խոչընդոտներ, որոնցից են Արմեն Սարգսյանի կասկածելի քաղաքացիությունը, կամ պետական պաշտոնյա եղած ժամանակ ծաղկեցրած բիզնեսը։ Սակայն «ժէկի կեղծ թուղթ» գործողությունը հայ քաղաքական միտքը հայտնագործել է ավելի քան քսան տարի առաջ, իսկ այս անգամ այն լուծվեց միջազգային մակարդակով։ Հանրապետականը արդեն կատարել է կասկածելի խնդիրների մաքսազերծումը և այստեղ ետընթաց չի կարող լինել։ Հանրապետական մավրը իր գործը արել է, մոտակա յոթ տարիների ստարտը տրված է, ինչպես ռուսական ասածվացքն է ասում մոտակա ՝ «выпил с утра сто грамм, и целый день свободен»։
Դժվար է այժմ Արմեն Սարգսյանի նկատմամբ նաև բիզնես ճնշումներ գործադրել, ինչպես եղավ Գագիկ Ծառուկյանի, Խաչատուր Սուքիասյանի, կամ այլ գործիչների դեպքում։ Արմեն Սարգսյանի ունցվածքը հիմնականում արտասահմանում է, իսկ այն ինչ կա Հայաստանում, պաշտպանված է օֆշորների մատրյոշկայի շերտով, այնպես, որ նա այս առում և՛ անհասանելի է, և՛ անբռնելի։
Կարող է խնդրահարույց համարվել նաև այն հանգամանքը, որ նախագահը չունի անհրաժեշտ լծակներ արմատական փոփոխությունների համար, որ նրա պաշտոնը զուտ սիմվոլիկ է։ Մինչդեռ հենց Արմեն Սարգսյանն է այն անձնավորությունը, ով կարողանում է սիմվոլից ռեսուրս ստեղծել։ Բավարար է հիշել, որ նրա ֆինանսական կարողությունը և միջազգային կապերը ստեղծվեցին վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո, նա լավագույնս կարողացավ կապիտալիզացնել «նախկին վարչապետ» սիմվոլը։
Իհարկե, դեռևս Արմեն Սարգսյանը չի ընդունել իր պաշտոնը, և անում է զգույշ առաջին քաղաքական քայլերը։ Սակայն նրա խորը ռազմավարական հմտությունները, որով կերտել է իր անշեղ քաղաքական ուղին կոմսոմոլի քարտուղարից մինչև հանրապետության նախագահ, վստահություն է ներշնչում, որ այս դեպքում ավելի շուտ իշատերը կմեռնի։











































