«Ես այդ դրույթին բացարձակապես կողմնակից չեմ, որովհետև օրինակ ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկել որպես վարչական աշխատանք՝ բոլորովին ճիշտ չէ և բացի սրանից, կան մարդիկ, ովքեր ասենք 80-85 կամ նույնիսկ ավելի բարձր տարիքում Նոբելյան մրցանակներ են ստանում․ հիմա ստացվում է, որ միայն այն բանի համար, որ մարդը դարձել է 70 տարեկան՝ բռնել նրան ասել, որ դուք այլևս պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեք՝ ես այսպիսի մոտեցման հետ ընդհանրապես համաձայն չեմ», -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծից, որը շատ դժգոհությունների և քննադատության առիթ է տվել ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ, հատկապես օրինագծում տեղ գտած այն դրույթներից մեկը, համաձայն որի՝ 70 տարին լրացած անձանց այլևս չի թույլատրվելու ԲՈՒՀ-ում որևէ վարչական պաշտոն զբաղեցնել։
Ժորա Ջհանգիրյանի համոզմամբ՝ տարիքով չէ, որ պետք է որոշվի այս կամ այն անձի պաշտոն զբաղեցնելու հնարավորություններն ու ունակությունները։ Նրա խոսքերով՝ մարդիկ կան, ովքեր 35-40 կամ անգամ 50 և ավելի տարեկանում իրավունք չունեն և արժանի չեն որևէ պաշտոն զբաղեցնել, սակայն զբաղեցնում են։
Մեր զրուցակիցը չի կիսում կրթության ոլորտի ներկայացուցիչներից ոմանց այն կարծիքը, թե այս սահմանափակումը միտված է նրան, որպեսզի երիտասարդ կադրերով համալրվի բուհի կազմը։
«Երիտասարդ կադրերի ճանապարհը հիմա էլ է բաց, ոչ մեկ նրանց չի խոչընդոտում, եթե կան երիտասարդ կադրեր, ովքեր ցանկանում են զբաղվել մանկավարժական գործունեությամբ՝ ես չեմ կարծում, թե նրանց ճանապարհը փակ է․ խնդիրն այստեղ այն է, որ լսարանին պետք է ապահովել որակյալ կադրով և հիմա այդ որակյալ կադրը կլինի 70 տարեկան, 75 տարեկան, թե 30-40 կամ 50 տարեկան, դա բոլորովին կապ չունի, իսկ թե ինչպես որոշել այդ տարիքում այդ կադրը որակյալ է, թե չէ, ապա գնահատման հազար ու մի ճանապարհ ու մեթոդ կա, բայց մինչ դա վերցնել ու մեկ գրիչի հարվածով գրել, թե 65-70 տարեկանից հետո դուք «բանի պետք չեք» , սա ճիշտ մոտեցում չէ»,- ընդգծեց Ջհանգիրյանը։
Նախագծի միայն այս դրույթը չէ, սակայն, որ մտահոգել է «Գլաձոր»-ի ռեկտորին․ ըստ նրա վիճահարույց է նաև այն, որ համաձայն նախագծի՝ այսուհետ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդների անդամների կազմն ու կառավարման խորհրդի նախագահը հաստատվելու է վարչապետի կողմից։
Նրա կարծիքով՝ համալսարանի կառավարման խորհրդի կազմը պետք է հաստատի հենց բարձրագույն ուսումնական հաստատությունը։
«Բուհ-ը հենց ինքը պետք է ստեղծի իր կառավարման խորհուրդը, հենց ինքը պետք է հաստատի այդ խորհրդի անդամներին ու նախագահին․ եթե սահմանել ենք բուհ-ի ինքնավար լինելու գաղափարն որպես սկզբունք, ապա այդ սկզբունքը պետք է մինչև վերջ պահպանվի, այլ ոչ թե միայն հայտարարությունների մակարդակով ասել, որ մեր բուհ-երը ինքնավար են ու վերջ։ Բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավարություն նշանակում է ինքնուրույն պատասխանատվություն՝ ուսումնական ողջ գործընթացի կազմակերպման համար և այդ առումով ինչպես այս կամ այն համալսարանը կարող է կրթության որակ և մակարդակ ապահովել՝ պետք է որոշի բուհ-ը և հենց բուհ-ը պետք է պատասխան տա իր տված կրթության որակի համար․հենց այդ ինքնավարությունն է, որ պետք է նպաստի բուհ-ի ղեկավարությանն իր առջև դրված խնդիրների և նպատակների իրականացմանը՝ այդ թվում նաև կադրային քաղաքականության իրականացման հարցում․ ի՞նչ է նշանակում բուհի դասախոսական կազմի և ուսանողների կողմից առաջարկվող մարդը չի կարող դառնալ կառավարման խորհրդի նախագահ՝ սա աբսուրդ է»,-եզրափակեց Ժորա Ջհանգիրյանը։
Տարիքային այս սահմանափակման հետ համաձայն է Երևանի «Մովսես Խորենացու» անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը։
«Տարիքի պատճառով աշխատանքի ակտիվության և աշխատանքի արդյունավետության հետ կապված բավականաչափ տարբերություններ են առաջանում․ մարդը, երբ 65 տարեկանից անցնում է՝ շատ ավելի իներտ է դառնում, այսինքն՝ կան մասնագետներ, ովքեր տարիքի բերումով նույն ձևով չեն աշխատում, ինչպես ասենք 35 կամ 40 տարեկան հասակում, բայց, իհարկե, կան լոկալ դեպքեր, երբ մարդը յոթանասուն անց է, սակայն նորմալ ու գրեթե նույն աշխուժությամբ, ակտիվությամբ էլ շարունակում է աշխատել, մասնագետներ էլ կան, ովքեր 30 տարեկանում արդեն ծերացած վիճակում են, այսինքն ընդհանուր առմամբ՝ դա կախված է մարդու ֆիզիկական և մտավոր կարողություններից։ Բոլոր դեպքերում, գտնում եմ, որ այս սահմանափակման մեջ ճիշտ բան կա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Աղաբաբյանը և այս համատեքստում հավելեց նաև, որ պետք է լինեն աշխատանքի գնահատման հստակ չափանիշներ։
«Պետք է լինի թեստավորում կամ ինչ-որ հանձնաժողով ստեղծվի, որ քննի այդ լոկալ դեպքերը, բացառություններ անեն և թույլ տան, որ այդ մարդը շարունակի աշխատել, որովհետև կրկնում եմ՝ անգամ 70 տարեկանում տվյալ մասնագետը կարող է շատ լավ պոտենցիալ ունի, կարողանում է հստակ աշխատել, ունի մեծ փորձ և նման պարագայում, ինչ խոսք, նա պետք է շարունակի իր գործունեությունը»,- ընդգծեց Աղաբաբյանը։
Վերջինիս չբացառեց նաև, որ նախագիծն ընդունվելու դեպքում, եթե այս դրույթը փոփոխության չենթարկվի, ապա շատերը չեն կարողանա դիմանալ մրցակցությանը և հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։











































