ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Սևանա լճում ձկնատեսակների պոպուլյացիաների մասին՝ ասելով, որ այս տարի անցյալ տարվա համեմատ նվազել է սիգի քանակը. «Այսօր, երբ ձվադրում է տեղի ունենում, էլի որսը կատարվում է անարգել: Ես տեսել եմ, որ շուկաներում ոչ հասուն իկրան անարգել վաճառում են»:
Բանախոսն ասաց, որ այս խնդրով իրենք արդեն նամակով դիմել են բնապահպանության նախարարին, որ գոնե հիմնական ձվադրման շրջանում որս չկատարվի, սակայն դեռևս պատասխան չկա: Այն, որ անցյալ տարի բեղուն սերունդ է եղել, չի նշանակում, որ արդյունաբերական պաշարների սիգ կա Հայաստանում. «Եթե թողնեինք, որ սիգը ձվադրեր, գուցե հնարավոր լիներ խոսել տեսակի վերականգնման մասին, սակայն այժմ դրա մասին խոսելը դեռ վաղ է»:
Ինչ վերաբերում է իշխանին, ապա պրն Գաբրիելյանն ասաց, որ իշխանի պոպուլյացիա արդեն գոյություն ունի Սևանում, սակայն այս դեպքում ևս վաղ է արդյունագործական պաշարների կամ Կարմիր գրքից հանելու մասին խոսել. «Բնական վերարտադրություն դեռ չի լինում, որի առաջին պատճառը որսագողությունն է, հետո՝ գետերի՝ բնադրավայր դառնալու անհնարինությունը: Բացի դրանից՝ փոքր հիդրոէլեկտրակայանները չեն պահպանում նորմաները: Մենք առաջարկել ենք, որ գետաբերաններւմ մայրական կազմը որսվի, ձկնկիթը որսվի, բաց թողնվի Սևան, սակայն սա միշտ հնարավոր չէ գործածել»:








































