ԱԺ-ում այսօր՝ մարտի 23-ին, անցկացվում է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Քննարկվում է Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ իրենք առաջարկել էին վարչապետին ենթակա բոլոր մարմինները ներառել նախարարությունների կազմերում:
Անդրադառնալով պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությանը, թե սկզբունքային հարց կա, և ոստիկանությունն ու Անվտանգության ծառայությունը չեն կարող լինել նախարարություններ, Էդմոն Մարուքյանն ասաց. «Խորհրդարանական կառավարման անցած երկրները ունեն ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, որոնք քաղաքական պաշտոններ են և կրում են քաղաքական պատասխանատվություն, իսկ Հայաստանում դա սկզբունքային հարց է»:
Գևորգ Կոստանյանի խոսքով՝ իրենք ավելի լավ բան են անում, քան «Ելք»-ը առաջարկում է. «Եթե մենք դարձնենք ներքին գործերի նախարարություն, դա նշանակում է ոստիկանության գործողությունների համար քաղաքական պատասխանատուն լինելու է նախարարը, իսկ մենք այդ գործողությունների համար քաղաքական պատասխանատու դարձրել ենք վարչապետին: Վա՞տ բան ենք արել, թե՞ լավ»:
Ի պատասխան՝ Մարուքյանն ասաց. «Վատ բան եք արել. վարչապետը Գեղարքունիքի մարզի մի ոստիկանի արածից տեղյա՞կ է լինելու: Վարչապետը էս խորհրդարանում պիտի պատասխան տա՞ ոստիկանների արածի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































