Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 13-րդ տուրում Մյունխենի «Բավարիա»-ի հետ սկզբունքային հանդիպման մասին: Հիշեցնենք, որ գերմանական 2 գրանդների մրցավեճը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում:
Դորտմունդցիները Գերմանիայի գործող չեմպիոնի հետ հանդիպելու են առանց հիմնական 3 պաշտպանների, քանի որ վնասվածքների պատճառով բացակայելու են Նևեն Սուբոտիչը, Մատս Հյումելսն ու Մարսել Շմելցերը:
«Յուրաքանչյուր ոք, ով ունի տոմս ու աջակցելու է «Բորուսիա»-ին, կարող է մեծ ազդեցություն ունենալ խաղի վրա: Թիմի ու երկրպագուների առջև դրված է խնդիր անել ամեն ինչ, որպեսզի հաջող հանդես գանք, չնայած բազմաթիվ կորուստներին: Մենք պետք է հիանալի խաղանք, որպեսզի խնդիրներ ստեղծենք այնպիսի թիմի համար, ինչպիսին «Բավարիա»-ն է»,- ասել է Կլոպը:








































