ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր կրկին Կիև կուղևորվի՝ քննարկելու ԵՄ հետ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման համար Ուկրաինայի կողմից պահանջների կատարումը: Այս մասին հայտնում է Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, եվրահանձնակատարը Կիև կթռչի՝ ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հարցում ԵՄ վճռականությունն ընդգծելու ջանքերի շրջանակում, եթե Ուկրաինան կատարի (ԵՄ հետ ասոցացման չափորոշիչները.- 1in.am)»,- լրագրողներին ասել է Ստանոն:
Նրա խոսքով՝ բոլորը սպասում են Եվրախորհրդարանի մոնիտորինգային հանձնաժողովի (Փեթ Կոքս, Ալեքսանդր Կվասնևսկի) վերջնական եզրակացությանը, որը կլինի «վճռորոշ»: «Նրանց զեկույցը կլինի կարևոր գործոն, երբ ԵՄ երկրները որոշեն, թե որքանով է Ուկրաինան կյանքի կոչել անհրաժեշտ չափորոշիչները»,- ասել է նա:








































