Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին փոխանցելուն առնչվող հարցերը գործնականորեն լուծված են: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Ասքեր օղլու Հասանովն իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը:
«Ես տեղյակ եմ, որ «Գաբալա»-ի փոխանցումը գործնականորեն կայացել է, իմ տեղեկատվության համաձայն՝ այնտեղ խնդիրներ չկան: Բոլոր ընթացիկ հարցերը լուծվում են կամ գործնականում, կարելի է ասել, լուծվել են»,- ասել է նա:
Շոյգուն իր հերթին շնորհավորել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Դա պատասխանատու պաշտոն է ցանկացած պետությունում՝ մասնավորապես այնպիսի պետություններում, ինչպիսին Ադրբեջանն է»,- ասել է նա՝ գործընկերոջը մաղթելով հաջողություն ազգային զինված ուժերի ամրապնդման և երկու պետությունների միջև համագործակցության զարգացման ոլորտներում:









































