Ալիև-Սարգսյան՝ Վիեննայում օրերս կայացած հանդիպումը ոչինչ էր: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ որևէ կապ չունի՝ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից Սերժ Սարգսյան դուրս եկավ մռայլ, թե ժպտադեմ:
«Գուցե այդ փոխադարձ ժպիտների արդյունքում արդեն այսօր ադրբեջանցիները Տավուշի ուղղությամբ կրակում են խոշոր չափի գնդացիրից: Մինչ այս գոնե կրակում էին սովորական գնդացիրներից: Արցախցի ազատատենչ ժողովուրդն իր անկախությունն է կռում իր իսկ ձեռքերով, իսկ Սերժ Սարգսյանը գնում-շքերթ է ընդունում Ղարաբաղում»,- ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ առաջիկայում Հայաստան կատարելիք այցին՝ Գուրգեն Եղիազարյանը զայրույթով նկատեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո և ոչ մի պետություն չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը:
«Մինչ այդ, սակայն, չկար մի տարի, որ աշխարհի չորս-հինգ երկիր չընդուներ Ցեղասպանության փաստը: Հայաստանն այս վիճակից հանելու համար մեզ պետք է գրագետ, փորձառու նախագահ: Այդ պաշտոնում տեսնում եմ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին: Եկեք ազգովի նրան խնդրենք վերադառնալ: Չկա մեկ ուրիշ մարդ, ով երկիրը կարող է հանել փոսից: Թնջուկը շատ է բարդ»,- ասաց քաղաքական գործիչը:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ 96-ին նախագահ էր ընտրվում մի մարդ, ով պատերազմ էր շահել, այնինչ հիմա ընտրվում է նա, ով երկրից իր քաղաքացիներին ստիպում է հեռանալ: «Այն ժամանակ, երբ ես ընդդիմադիր էի, Սերժ Սարգսյանը շատ հավատարիմ ՀՀՇ-ական էր»:
Նա հայտարարեց նաև, որ ինքն անձամբ կողմ է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցությանը: «Իսկ ԵՄ-ի անդամակցության դեպքում մենք կդառնանք ագրարային կցորդ: Եվրոպացիները, ի դեմս պրեսկոտների, առաջին կեղծարարներն են, այնինչ մեզ են հորդորում ազնիվ լինել: Այլ բան է, որ ՄՄ-ին անդամակցելու մասին որոշում կայացվեց չորս տարվա եվրաինտեգրման քաղաքականությունից հետո: Բախտի քամին այս իշխանություններին բմբուլի նման քշել-բերել է այն հանգրվանին, որտեղ են հիմա նրանք»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը:









































