Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Թովմասյանի գործով դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ 26-ամյա Գառնիկ Թովմասյանը 2013 թվականի մայիսի 30-ին Երևան քաղաքի «Աչաջուր» ռեստորանային համալիրի բակում ծեծի է ենթարկել նույն ռեստորանի մատուցողուհուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Գառնիկը «Աչաջուր» ռեստորանային համալիրում պարբերաբար ժամանակ է անցկացրել, այնտեղ ծանոթացել հիշյալ մատուցողուհու հետ:
Նրանք մտերմացել են ու մինչև 2013 թվականի ապրիլ ամիսը կապված են եղել իրար հետ:
Հետո կապը խզվել է:
Մայիսի 30-ին Գառնիկն «Աչաջուր» է գնացել ընկերների ու մի աղջկա հետ:
Նրանց սեղանին է մոտեցել ու փորձել է սպասարկել Գառնիկի նախկին մտերմուհին: Գառնիկը համալիրի տնօրենին խնդրել է, որ իրենց ուրիշ մատուցող սպասարկի:
Հետո Գառնիկն առանձնասենյակ է պատվիրել, այնտեղ առանձնացել ընկերակիցներից ոմանց հետ:
Այդ ընթացքում, ըստ նրա, նրանց սեղանին է մոտեցել վիրավորված մատուցողուհին ու Գառնիկի ընկերներին պատմել իրենց ինտիմ հարաբերությունների որոշ մանրամասներ:
Երբ Գառնիկը մոտեցել է սեղանին, ընկերները հաղորդել են կնոջ ասածները:
Գառնիկը զայրացել է, մտել խոհանոց, մազերից քաշելով այնտեղից դուրս բերել նախկին մտերմուհուն, քարշ տալով տարել բակ, «իր հասցեին վիրավորական հայտարարություններ անելու կապակցությամբ» ոտքերով և ձեռքերով այնպես է ծեծել, որ մատուցողուհու մոտ առաջացել են ծնոտի ելունի, քունքոսկրի խրթեշի կոտրվածքներ, գանգուղեղային վնասվածք. կնոջ առողջությանը ծանր վնաս է պատճառվել:
Ըստ դատական ակտի՝ Գառնիկը հատուցել է տուժած կնոջ բուժման ծախսերը:
Գառնիկ Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ ծանր վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ընդհանուր իրավասության դատարանում Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Գառնիկն ինքնակամ է ներկայացել իրավապահ մարմիններին, հանցագործությունը կատարել է «տուժողի վարքագծի հակաբարոյականության պատճառով»:
Գառնիկ Թովմասյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 3 տարի ազատազրկման:
Համաներման կիրառմամբ դատարանը Թովմասյանին ազատել է պատժի կրումից: Նրա նկատմամբ ընտրված կալանքը վերացվել է, և Թովմասյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճում:









































