Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում հակահեղեղային միջոցա¬ռումների համար կծախսվի 46 մլն 150 հազար դրամ: Գումարը Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելու հարցը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում:
Պատճառն այն է, որ Արարատի մարզում 4/1 – 11/13 սահմանային նշանների հատվածներում Արաքս գետի արգելաթմբում առաջացել են փոսեր, որոնք կարող են արգելաթմբի փլուզման պատճառ հանդիսանալ:
Գավառագետի և վտակի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասով անցնող շուրջ 2,2 կմ ընդհանուր երկարությամբ հատվածների հուների լցվածության, բուսապատվածության հետևանքով առափնյա հողատարծքները գերխոնավանում են, բնակելի տներն ու օժանդակ կառույցները՝ ջրակալվում և ողողվում:
«Արզական» սանիտարական գոտու տարածքում Հրազդան գետի վարարումների ժամանակ հեղեղաջրերն ողողում են կապտաժները՝ վտանգելով Երևան քաղաքի անխաթար ջրամատակարարումը (2000 լ/վրկ): Վտանգը կանխելու համար անհրաժեշտ է շուրջ 1 կմ հատվածում իրականացնել գետի հունի մաքրման և ուղղման աշխատանքներ:
Ալվանք համայնքի տարածքում Մ-17-Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոմայրուղու 82+800 85+750 կմ միջակայքում շուրջ 470 մ ընդհանուր երկարությամբ հատվածներում Արաքս գետի ափի վթարային վիճակում է և այն չամրացնելու դեպքում առկա է սահմանամերձ տարածքի ու հողերի ողողման, ինչպես նաև ավտոմայրուղու քանդման վտանգ:
Կապան քաղաքի տարածքում Կավարտ գետի ափը, առաջացած սողանքի պատճառով, ամրացման կարիք ունի:
Դիլիջան քաղաքի ավտոկայարանին հարակից տարածքում Հովվաջուր գետի 150-170 մ երկարությամբ հատվածը խիստ վթարային վիճակում է, ափապաշտպան հենապատերը թեքվել են կամ թափվել հունի մեջ, խոչնդոտելով գետի ջրի բնականոն հոսքին:
Գումարը կուղղվի այս խնդիրներով նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:









































