Մեծ Բրիտանիայում առաջին անգամ թառափի սև ձկնկիթի սեփական արտադրություն է սկսվել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խոսքն Անգլիայի արևմուտքում «Էկսմուր» արգելոցի շրջանում տեղակայված ֆերմայի մասին է: Այնտեղ արտադրված սև ձկնկիթի առաջին խմբաքանակն այս շաբաթ վաճառքի կհանվի Մեծ Բրիտանիայի խանութներում, որտեղ այժմ աճում է թանկարժեք սննդամթերքների պահանջարկը՝ կապված մոտեցող տոների հետ: 30 գրամ սև անգլիական ձկնկիթը կարժենա 59.95 ֆունտ ստեռլինգ (96 դոլար): Exmoor Caviar ընկերության ֆերմայում բուծվում է Ռուսաստանից բերված թառափազգի 30 հազար ձուկ:
Վոլգա գետի և Կասպից ծովի ձկներից ստացված ռուսական և իրանական արտադրության ձկնկիթների լավագույն տեսակների մեկ կիլոգրամն այժմ Մեծ Բրիտանիայում արժե 46 հազար դոլար: Դրա գինը գերազանցում է նույն քաշի ոսկու ձուլակտորի արժեքը:









































