Զինված ուժերի կուրսանտներին տրվող կրթաթոշակը կրկնապատկվելու է` 50 հազար դրամից դառնալով 100 հազար դրամ: Այս որոշումը ներառված է կառավարության առաջիկա նիստի օրակարգում: Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին Հունաստանում տիրող ֆինանսատնտեսական ճգնաժամի և արդյունքում երկրում կենսամակարդակի պայմանների անկման հետևանքով նշված երկրի ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառություն անցնող Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մոտ խնդիրներ են առաջացել կեցության պատշաճ ապահովման համար: Բացի այդ, Հունաստանում մեր ռազմական կցորդի կողմից ներկայացված տեղեկության համաձայն հունական կողմը մտադրվել է դադարեցնել բոլոր օտարերկրյա, այդ թվում` Հայաստանի ԶՈՒ կուրսանտներին տրվող կրթաթոշակը, որը կազմում է 146 եվրո:
Այնպես որ կառավարությունը որոշել է, որ 50 հազար դրամ գումարը չի բավականացնի տարրական պահանջները բավարարելու համար: Խնդրի լուծման նպատակով կրթաթոշակի չափը կրկնապատկվի և կսահմանվի ամսական 100 հազար դրամ:







































