Այսօր Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նոր մանրամասներ ներկայացրեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի գործից: Նա տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռի դեմ, և իրենք սպասում են գործի քննությանը:
Ալեքսանդր Սիրունյանը մեկ ճշգրտում արեց՝ որ գործը կապ չունի Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ, այլ տվյալ պարագայում՝ հարձակման հետ:
Նա տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը շատ ծավալուն է: Մի փոքր հատված ներկայացնելով բողոքից՝ փաստաբանն ասաց, որ դատարանի կատարած եզրակացություններից իրենք գալիս են այն աբսուրդ եզրակացության, որ մասնակիցներից մեկի կամ մի քանիսի մեղսունակության հետ մի բան այն չէ: Ստացվում է այնպես, որ առանց դրդապատճառի՝ Սեդրակյանը ստիպել է, համոզել, առանց գին պայմանավորվելու, «դիլխոր չեք մնա ասելով», հրամայել է իր հարևաններին՝ սպանել «անկախության սիմվոլ» Պարույր Հայրիկային:
«Սա իրոք այն է, ինչ հետևում է դատավճռից: Սրա պատասխանները մենք էլ չունենք: Անկախ նրանից՝ ո՞վ է կրակել, Սեդրակյանի վզից է կախվում: Մեզ հանգիստ թողեք: Մեզ անուղղակի են կապել Խաչատուր Պողոսյանի հետ, որը ինքն էլ երևի մեղավոր չէ»,- տարակուսած ասաց Սիրունյանը՝ հավելելով, որ իրականում ինքը համոզված էլ չէ, որ Հայրիկյանի վրա Խաչիկն է կրակել:
«Խաչիկն ու Պարույր Հայրիկյանը տարբեր պատմություններ են պատմում, թե ոնց է եղել դեպքը»,- ասաց Սիրունյանը:
Նրա խոսքով՝ իրենց հարցերին տալիս են անորոշ՝ «էդպես էլ է լինում» պատասխան»: «Լավ, բա Վարդանի վզին դա ինչի՞ եք փաթաթում: Մենք ասում ենք առաջին օրվանից՝ մեզ մի՛ դատեք ենթադրություններով: Սեդրակյանի մեղադրանքի հիմքում ընկած է մեկուկես ապացույց՝ Խաչիկի ու Սամվելի (Հարությունյան) հակասական վկայությունները և Պարույր Հայրիկյանի նկարը: 14 տարին, մեղմ ասած, շատ ա, էլի»,- խոսքը եզրափակեց փաստաբանը:
Վերջինս հայտնեց նաև, որ քաղհայցի մասով վերաքննիչ բողեք է ներկայացրել նաև Հայրիկյանը: «Անհիմն բողոք է, անկեղծ ասած»,- ավելացրեց Սիրունյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ Վարդան Սեդրակյանը լյարդի բուժում է ստանում մեկուսարանում, և նրան թույլատրել են անգամ ավելի հաճախ հանձնուք ստանալ:
Վերաքննիչի դատը նշանակված է վաղը:









































