«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օսթարզուն:
-Պարոն Օսթարզու, թուրքական խորհրդարանում օրերս ակտիվացան հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկումները: Նույնիսկ հայ-թուրքական հաղորդակցության վերականգնման հարցին անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, թեև հիշատակեց նաև Ադրբեջանին չմոռանալու մասին: Սրան հաջորդեցին այլ խոսակցություններ: Ինչո՞ւ այս հարցը մտավ թուրքական քաղաքական օրակարգ հիմա, երբ թվում էր, թե այն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ և առաջիկայում չի էլ լինելու:
–Առաջին հերթին պետք է ասել, որ դա թուրքական ղեկավարության նոր նախաձեռնությունը չէ: Տապալված ֆուտբոլային դիվանագիտությունից հետո Անկարան փորձել է ձևավորել կարգավորման բանակցությունների հասանելի մթնոլորտ: Բայց հիմնական կուրսը մնացել է տարածաշրջանում խաղաղություն ապահովելն ու Ադրբեջանի հետ հարաբերությունները սպառնալիքի տակ չդնելը: Մոտենում է 2015թ., և Անկարան ցանկանում է նորմալացնել իր հարաբերությունները Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների: Սա շատ կարևոր է Երևանի համար, և, միևնույն ժամանակ, հայկական կողմը չի ցանկանում տեսնել այս դրական իրավիճակը: Ներկայումս մենք փակուղում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:
–Մենք տեսնում ենք, որ ամառվանից սկսած՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին սկսել է նոր թափ հաղորդել ԱՄՆ-ն: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված:
–Սա բնական է, բայց միաժամանակ ուշ է: Ամերիկյան արտաքին քաղաքականությունը Օբամայի ղեկավարության տարիներին Կովկասի նկատմամբ այնքան էլ արդյունավետ չի եղել: Վաշինգտոնը հետաձգել է բոլոր կարևոր զարգացումները Թբիլիսիում, Երևանում և Բաքվում: ՄՄ-ն կարելի է անվանել սպառնալիք Արևմտյան նախաձեռնությունների համար: Բայց Սարգսյանը պետք է որ ընտրեր ՄՄ-ին միանալը, եթե հաշվի ունենանք Հայաստանի տնտեսական և էներգետիկ իրավիճակը:
-Այս փուլում ինչի՞ն են ուղղված թուրքական նախաձեռնությունները և հորդորները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի անհրաժեշտության մասին, եթե հաշվի առնենք այս համատեքստում նաև ամերիկյան ակտիվությունը:
-ԼՂ հակամարտությունը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը: Դա սպառնալիք է նաև Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի համար, քանի որ այն խոչընդոտում է տնտեսական և էներգետիկ հնարավոր նախագծերը:
Բաքուն մեծ հնարավորություններ է առաջարկում Երևանին, եթե նրանք որոշեն հեռացնել զինվորներին արտաքին գոտիներից: Կարող ենք մեկ րոպե մտածել, թե ինչ կլինի, եթե Հայաստանը համաձայներ: Համարյա ամեն ինչ: Համենայն դեպս, Երևանը կմիանար միջտարածաշրջանային նախագծերին, ինչպիսիք Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա էներգետիկ և տրանսպորտային ուղիներն են: Ես կցանկանայի, որ հայաստանյան քաղաքական գործիչները տեսնեին Ադրբեջանի արևմտյան հատվածները, ինչպիսին են Գաբալան, Շեկին ու Գյանջան: Այս քաղաքները զարգացած են և պատրաստ են ներդրումներ անել հօգուտ Ղարաբաղի, որը տնտեսապես վատ վիճակում է: Սա տարածաշրջանը կհարստացներ, և Թուրքիան հենց սա է ցանկանում իրագործել: Գուցե մենք մոտ ապագայում նոր զարգացումների ականատեսը դառնանք: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, թե հնարավոր կլինի ավտոմեքենայով Կարսից քշել Երևան և վերջապես Բաքու: Իսկ ինչո՞ւ ոչ:
–Սա նախաձեռնություն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառա՞ջ:
-Սա այլ խնդիր է: Սահմանների բացումը, կարգավորման գործընթացը 100-րդ տարելիցի հետ կապ չունեն: Թուրքիան ոչինչ չի առաջարկում պատմական խնդիրներից ելնելով: Անկարան Երևանին ընկալում է որպես գործընկեր՝ հաշվի առնելով realpolitik-ը:
Ինչո՞ւ է Թուրքիան փակել Հայաստանի հետ սահմանը: Պատմական պնդումներից ելնելո՞վ: Ոչ, միայն ԼՂ-ի համար: Մենք պետք է հիշենք երկխոսության առաջին փուլը, երբ Թուրքիան մեծաքանակ ցորեն նվիրեց 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը սարսափելի դրության մեջ էր: 100-րդ տարելիցը Հայաստանի նկատմամբ Անկարայի մոտեցման փոփոխության հետ կապ չունի: Սա առանձին խնդիր է: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան կկիսի մի շարք անակնկալներ հայաստանյան ժողովրդի հետ, եթե սահմանի հարցը լուծվի: Այս փուլում Երևանը պետք է օգնի Անկարային:












































